Արդարադատության ոլորտում Հայաստանը հստակ առաջընթաց է գրանցել նաև ԵՄ շոշափելի աջակցության շնորհիվ: Այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպման ժամանակ։
Նախարարը վերահաստատել է ՀՀ կառավարության նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանն ու հպարտությամբ ընդգծել, որ ԵՄ-ն արդեն երկար տարիներ Հայաստանի առանցքային գործընկերն է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների հարցում։
Դեսպան Վիկտորինը շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, կարևորել Հայաստանում 2021 թվականին անցկացված ժողովրդավարական ընտրություններն ու պատրաստակամություն է հայտնել շարունակել ԵՄ մեծածավալ աջակցութունը՝ ուղղված դատաիրավական ոլորտի բարեփոխումներին։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, նաև ոստիկանության բարեփոխումների ընթացքին ու Հայաստան-ԵՄ ձևավորված համագործակցության լավ ավանդույթներն էլ ավելի խորացնելու պատրաստակամություն են հայտնել։