Նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է: Օրվա առաջին կեսին այս մասին հայտնեց Հատուկ քննչական ծառայությունը: Ըստ նախաքննական մարմնի՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև խարդախության հոդվածներով:
«Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով Գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, բացի այդ՝ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն դրամ գույքի հափշտակություն»:
Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1 միլիարդ 299 միլիոն 404 հազար դրամի գույքն օրինականացնելու համար:
Օրվա երկրորդ կեսին արդեն հայտարարությամբ հանդես եկավ Աղվան Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը՝ շեշտելով՝ իր պաշտպանյալը տրամադրված է մարտական և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
«Քիչ առաջ Աղվան Գառնիկի Հովսեփյանը «նշանակվել է» մեղադրյալ։ Քննիչը պատրաստվում է խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդությամբ դիմել դատարան։ Խիստ կարևոր է, որ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձին հնարավոր չի եղել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել»։
Պաշտպանն իր հայտարարության մեջ նշել է երկու անձի մասին, որոնք, ըստ իրենց, Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք են տվել: Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել ձերբակալման որոշումը:
Հովսեփյանը մինչև 2018 թվականն իրավապահ համակարգում զբաղեցրել է բարձր պաշտոններ: 1998-ից մինչև 2013-ը, կարճ ընդհատումներով, նա ՀՀ գլխավոր դատախազն էր: Հոկտեմբերի 27-ի արյունալի դեպքերից հետո Հովսեփյանը պաշտոնանկ էր արվել, իսկ 2004-ից կրկին նշանակվել նույն պաշտոնում: Նրա պաշտոնավարման տարիներին է քննվել նաև Մարտի մեկի գործը: Այն ժամանակ, թեև զբաղեցնում էր Գլխավոր դատախազի պաշտոնը, Հովսեփյանը աչքի ընկավ աղմկահարույց գնահատականներով՝ հայտարարելով, թե ընդդիմության լիդերները մարդկանց նկատմամբ իրականացրել են հոգեբանական դիվերսիա: 2014-ից Աղվան Հովսեփյանը տեղափոխվեց Քննչական կոմիտե ու չորս տարի զբաղեցրեց կառույցի ղեկավարի պաշտոնը:
Հովսեփյանը նաև պետական բարձր պարգևների է արժանացել: 2015 թվականին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից ստացել է Մխիթար Գոշի մեդալ, ինչպես հրամանագրում է ասվում՝ օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Աղվան Հովսեփյանը 2018-ին՝ պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց հետո, ներկայացրել է իր գույքի և եկամուտների հայտարարագիրը, ըստ որի չի ունեցել անշարժ և շարժական գույք: Հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող նկարների հավաքածու: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Հովսեփյանի դրամական միջոցները կազմել են 24 մլն դրամ և 48 հազար դոլար: Հովսեփյանն իր հայտարարագրում նշել է նաև, որ ավելի քան 8 միլիոն դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ է ստացել: