Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Նիդերլանդների թագավորության Սենատի նախագահ Անտոնի Բրյունիին:
Ալեն Սիմոնյանը վերահաստատեց պատրաստակամությունը՝ խորացնել հայ-նիդերլանդական միջխորհրդարանական համագործակցությունը: ԱԺ նախագահն առանձնացրեց մասնավորապես 3 մարտահրավեր, որոնցում ՀՀ-ն քաղաքական աջակցություն է ակնկալում գործընկերներից՝ խաղաղության հաստատում տարածաշրջանում, հայ ռազմագերիների խնդրի լուծումը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն այն վերածել է քաղաքական սակարկության, և Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը:
Նա շեշտեց, որ հայկական կողմի համար խնդրահարույց է մնում տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակությունների ապակառուցողական դիրքորոշումը և շահադիտական նպատակներով նրանց աջակցող պատվիրակների պահվածքը:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին՝ 2020 թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը և դրա հետևանքները դատապարտող շուրջ 17 բանաձևերի համար: