Տիկին Ռոզան տան բակում աշխատելիս է եղել, երբ ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերի ուղղությամբ: Հակառակորդը նաև Ալավերդյանների տունն է թիրախավորել, երեք գնդակ դիպչել է պատին, մեկը՝ ննջասենյակի պատուհանին:
Ռոզա Ալավերդյան (Թաղավարդ համայնքի բնակիչ) - Լսել եմ, որ պատուհանը ջարդվել է: Եկել եմ դեպի պատուհանը, տեսել արդեն կոտրված: Արդեն կրակոցներ չեն եղել այդ պահին:
Բարեբախտաբար, կրակոցների պահին տանը մարդ չի եղել: Մայրը փոքրիկ Կարինեին տարել էր զբոսնելու՝ չնայած սովորաբար այդ ժամին է քնում աղջնակը: Մոտ 3 ժամ անց հակառակորդը կրկին կրակել է բնակավայրերի և պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:
Սևակ Խաչատրյան (Թաղավարդ համայնքի ղեկավարի տեղակալ) - Ժամը 11:30 կրկին եղել են կրակոցներ, բայց բնակելի տան չի դիպչել, չենք տեսել:
Միջադեպի հետ կապված՝ տեղեկացվել են Արցախի իրավապահ մարմիններն ու ռուս խաղաղապահները: Մհեր Ալավերդյանի խոսքով՝ հակառակորդի սադրանքները չեն կարող տրամադրություն փոխել Թաղավարդում:
Մհեր Ալավերդյան (Թաղավարդ համայնքի բնակիչ) - Ոչ մի բան ինձ մոտ չի փոխվել, որովհետև մենք գնալու տեղ չունենք, մինչև կյանքիս վերջը ապրելու եմ այստեղ:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է՝ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը անմիջական և իրական սպառնալիք են հանդիսանում Արցախի ժողովրդի կյանքի, առողջության և այլ կենսական իրավունքների համար: