Սեպտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին, որին ուղեկցում էր ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատը:
Ողջունելով Սեբաստիան Մոլինեուսի հայաստանյան հերթական այցը և շնորհավորելով Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի կառավարության և ՀԲ-ի երկարամյա համագործակցությունը: Նա նշել է, որ դրա արդյունքում բազմաթիվ դրամաշնորհային և վարկային ծրագրեր են իրականացվել:
Նա ընդգծել է ՀԲ-ի ներդրումը Հայաստանի պետական կառավարման համակարգի արդիականացման, սոցիալական, ՏԻՄ-երի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացման գործում՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը նշյալ ուղղություններով սերտորեն աշխատելու հարցում:
ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու և ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Բարձր գնահատելով ՀՀ կառավարության պատրաստակամությունը համագործակցության հարցում՝ նա վստահություն է արտահայտել, որ առկա գործընկերային միջավայրում նոր հնարավորություններն առավելագույնս կօգտագործվեն:
Սեբաստիան Մոլինեուսը վերահաստատել է, որ ՀԲ-ը պատրաստ է շարունակել և ընդլայնել փոխգործակցությունը՝ աջակցելով Հայաստանի տնտեսական զարգացմանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության, ջրօգտագործման, էներգետիկայի, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման բնագավառների հարցերն ու գործակցության հնարավորությունները:
Որպես առաջնահերթություն՝ դիտարկվել են արդյունքահեն և էներգախնայող ծրագրերը: Անդրադարձ է կատարվել համայնքների համաչափ զարգացման խնդրին, ինչի կապակցությամբ փոխվարչապետը հայտնել է, որ առաջիկայում տեղի կունենան վարչատարածքային փոփոխություններ, որոնց արդյունքում համայնքները պետք է դառնան տնտեսապես ավելի ուժեղ՝ գյուղատնտեսական տեխնիկայի համապատասխան հագեցվածությամբ, ժամանակակից աղբահանությամբ, էներգախնայողությամբ՝ միաժամանակ մարդկային կապիտալի զարգացման համար պայմաններ ստեղծելով:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի փոքր քաղաքների զարգացումը՝ ապակենտրոնացման և Երևանից դուրս նոր քաղաքային միջավայրեր ձևավորելու նպատակով:
Սուրեն Պապիկյանը նշել է, որ վերոնշյալ հարցերի շուրջ ՀՀ կառավարությունն և ՀԲ-ն ունեն ընդհանուր օրակարգ, և միմյանց հետ փոխլրացնող ու ներդաշնակ աշխատանքը կարող է արագ և որակյալ արդյունք ստեղծել առաջնահերթություն համարվող բոլոր ոլորտներում: