Երևանի համար 122 հիմնական դպրոցը հայտնվել է աղմկոտ պատմության կենտրոնում: Օրեր առաջ «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակեց ուսուցչուհի Մելինե Հակոբյանի և տնօրեն Մարինա Մալախյանի խոսակցության ձայնագրությունը, որից պարզ էր դառնում, որ ուսուցչուհին աշխատանքի է ընդունվել գումարի դիմաց, իսկ հետո էլ ստիպված է եղել իր աշխատավարձից մաս հատկացնել տնօրեն Մալախյանին: Կրթական գերատեսչության ղեկավարի հրամանով դադարեցվեց նշված դպրոցի տնօրենի հավաստագրի գործողությունը: Այդ հավաստագիրը, ինչպես հայտնի է, պարտադիր պայման է ուսումնական հաստատություն ղեկավարելու իրավունքի համար:
Որն է լինելու ընթացակարգային հաջորդ քայլը: Արդյոք Մարինա Մալախյանի հավաստագրի գործողությունը դադարեցվելուց հետո նա նաև ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Կամ ինչ որոշում է կայացվելու կաշառք տված ուսուցչի և միջնորդ հանդիսացած փոխտնօրենի վերաբերյալ:
Հակոբ Կարապետյան (Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար) - Այո, իրավական տեխնիկական ընթացակարգերի արդյունքում այդ հարցը կլուծվի: ինչ վերաբերում է մեզ հայտնի գործող անձանց, նրանց վարքագիծըոչ միայն քրեաիրավական այլ նաև վարչարարական տիրույթում է:
Երևանի համար 122 դպրոցում «Լուրեր»-ին ասացին, որ թե՛ տնօրենը, թե՛ փոխտնօրենը աշխատանքի չեն եկել: Տնօրենին կաշառք ու աշխատավարձից մաս տալու մասին հայտարարող ուսուցչուհին, սակայն, չէր բացակայել:
Մելինե Հակոբյանն այս դպրոց աշխատանքի է հրավիրվել 2019 թվականին: Տեղափոխվել է մեկ այլ դպրոցից, որտեղ փոխարինող ուսուցիչ է եղել: Նոր աշխատանքը, ինչպես պնդում է՝ ստացել է 1500 ԱՄՆ դոլար վճարելու գնով: Եվս երկու թեկնածուի հետ մասնակցել է ուսուցչի թափուր պաշտոնի մրցույթին և քանի որ համաձայնել էր վճարել աշխատանք ստանալու դիմաց, հենց ինքն էլ հաղթող է ճանաչվել, ինչպես որ նախապես ծրագրված է եղել: Հակոբյանն ասում է՝ տասնամյակների պատմությունն ու իր փորձը ստիպել են մտածել, որ դպրոցում աշխատանքի ընդունվելու համար կա՛մ գումար է հարկավոր, կա՛մ ծանոթ:
Մելինե Հակոբյան (ուսուցչուհի) - Երկու հոգի կային, դե, բնականաբար, ես անցա, որովհետև ես համաձայնել էի: Հասկացա, որ եթե չեմ համաձայնում, ուրեմն չեմ ունենալու այդ գործը:
Դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը առաջին տարում Հակոբանի աշխատավարձից մաս չի պահանջել, որպեսզի նա կարողանա հետ բերել վճարած 1500 դոլարի չափ գումարը: Հետագայում արդեն առաջ է եկել աշխատավարձի մի մասը տնօրենին փոխանցելու անհրաժեշտությունը: Սկզբում, ըստ ուսուցչուհու, 135 հազարից 100 հազար դրամն է իրեն մնացել, հետո տնօրենը պահանջել է աշխատավարձի 50 տոկոսը, ինչը լցրել է Մելինե Հակոբյանի համբերության բաժակը:
Մելինե Հակոբյան (ուսուցչուհի) - Ինչքան որ պահանջել է, ամեն ամիս ստացել է, հետո, չգիտես ինչու, ուսմասվարի միջոցով փոխանցել են իրեն: Հետո ինձնից վերցրեց ևս հինգ ժամ, շաբաթը մեկ ես իր մոտ էի, ու ինքը միշտ արել է դա ուրիշի ձեռքով: Միայն այդ 1500-ի վերջին 500-ն եմ ես իրեն տվել ծրարով, ասել փողը, որ սա կարևոր չէ, ձևականությունների հետևից ես ընկել:
Ուսուցչուհին ասում է, որ ի սկզբանե նպատակ չի ունեցել կատարվածին հանրային հնչեղություն տալ: Նախ տնօրեն Մարինա Մալախյանին տեղեկացրել է, որ ձայնագրություն ունի և առաջարկել է իրեն թույլ տալ հանգիստ աշխատել: Սպասվող արձագանքը չստանալուց հետո դիմել է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմ, քանի որ համար 122 դպրոցը նույն վարչական շրջանում է գտնվում: Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանից իր հետ կապ է հաստատել Ժաննա Ղարդաշյանը: Հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետը, ուսուցչուհու խոսքով, իրեն վստահեցրել է, որ տնօրենը կկատարի իր բոլոր պահանջները:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Լուրեր»-ին փոխանցեցին, որ քրեական ոստիկանությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ամսի 3-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ, 312-րդ, 313-րդ հոդվածների հատկանիշներով: Գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության: Նշված հոդվածները վերաբերում են կաշառք ստանալուն, կաշառք տալուն և կաշառքի միջնորդությանը: Այսինքն՝ առնչվում են թե՛ տնօրենին, թե՛ փոխտնօրենին և թե՛ ուսուցչուհուն:
Մելինե Հակոբյանն ասում է՝ գիտի, որ կաշառք տալը ևս քրեորեն պատժելի արարք է: Ինքը պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան