ԱԱՏՄ-ն այսօր ուժեղացված ծառայությունը ՀԱԹ-ում է սկսում, խոշորացույցի տակ տնտեսվարողներն են, տեսուչները հետևում են հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Ստուգումը մատյաններից են սկսում. տնտեսվարողը պարտավոր է օրական 2-ական անգամ ջերմաչափել աշխատանկիցներին, ախտահանել տարածքը և 2 ժամը մեկ ախտահանել շփման մակերեսները:
Արմինե Բեգլարյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետ) - Դուք 13 հոգի եք, բոլորդ ներկա եք, առաջին ջերմաչափումը կատարված է, երկրորդ ջերմաչափումը նախատեսել եք ժամը 2-ին, շատ լավ:
Տվյալ տնտեսվարողը պատշաճ իրականացրել էր նաև տարածքի ախտահանումը: Հագուստի խանութի աշխատակիցները դիմակով էին, հաճախորդներին նույնպես հորդորում էին դիմակ դնել, չարձանագրվեցին նաև կուտակման դեպքեր:
Ալիսա Հունանյան (հագուստի խանութի օպերատոր) - Կարող եմ ասել, որ մեր հաճախորդները շատ հասկացող են, և աշխատում ենք պահել ամեն ինչ՝ և՛ մեր կողմից, և՛ հաճախորդների կողմից:
Տվյալ տնտեսվարողի միակ վրիպումը սանհանգույցում անձեռոցիկների բացակայությունն էր, ինչը տեսչականի մասնագետների հորդորով անմիջապես շտկվեց:
Արմինե Բեգլարյան - Մենք պատահական ներս մտանք, նորմատիվային պայմանները ամբողջ կետերով անցանք: Եթե բոլոր տնտեսվարող սուբյեկտները կարողանան նվազագույնը էս ձևով պահպանեն, շատ գոհ կլինենք մենք:
Խախտումները գրեթե բոլոր տնտեսվարողների մոտ նույնաբնույթ են՝ կամ գրանցամատյաններն են սխալ լրացված, կամ էլ ախտահանիչ լուծույթը պատշաճ մակնշված չէ: Հաջորդ խանութում օրինակ բացակայում էր սոցիալական հեռավորությունը պահպանելու համար նախատեսված գծանշումը:
Փառանձեմ Վարդերեսյան (հագուստի խանութի մենեջեր) - Կարմիր գծանշումը մեզ մոտ կար, պարզապես մենք անընդհատ որ մաքրում ենք հատակը, գծանշումը մաքրվել է, պետք է նորից գծենք:
Արմինե Բեգլարյան - Հիմնականում քանի տնտեսվարող սուբյեկտ մտել ենք, քիչ են եղել էսօր թերությունները, նույնիսկ մեկ կազմակերպությունում ամբողջական նորմատիվային պահանջները կատարված էին, մենք գոհ մնացինք:
ԱԱՏՄ-ն խստացված ստուգումները վերսկսել է հուլիսի երկրորդ կեսից, մինչև այսօր մոտ 2000 շրջայց է իրականացրել, նախազգուշացրել 330-ից ավելի տնտեսվարողի: Այս փուլում ընտրել են ոչ թե ֆինանսական տուգանքի, այլ նախազգուշացման քաղաքականությունը, պնդում են՝ նպատակը տուգանելը չէ, այլ համավարակի շղթան կոտրելը:
Արմինե Բեգլարյան - Ես ինքս ինձ համար մի բան եմ արձանագրել, որ ունենք շատ լավ պատրաստական տնտեսվարողներ, մեծամասնությունը, որոնք առանց մեզ էլ գիտակցում են, նույնիսկ իրենց կողմից միջոցառումներ են իրականացնում կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ, մենք գոհ ենք մնում, հարցը նրանում ա, որ մյուս տնտեսվարողները, որ տեղեկացված չեն, չեն տիրապետում, չէի ասի չեն ուզում, նրանց մոտ մենք աշխատանքներ ենք տանում, նրանք հանձնարարում են իրենց աշխատողներին, արդյունքում խախտումները վերացվում են:
Թեպետ հակահամաճարակային կանոնները հիմնականում պահպանվում են, տեսչական մարմինը ստուգայցերի տեմպը չի թուլացնում. խստացված շրջայցերը ամենօրյա ռեժիմով շարունակվում են: