Անշարժ գույքի շուկան ոչ միայն վերադարձել է նախաքովիդյան վիճակին, այլև նոր ռեկորդ է գրանցել: 2021 թվականի առաջին կիսամյակում կատարվել է անշարժ գույքի 91 157 իրավունքի պետական գրանցման գործարք: Սա վերջին 11 տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշն է:
Որ շուկան ակտիվացել է՝ փաստում է նաև անշարժ գույքի գործակալության տնօրենը:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընդհանուր գործարքների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 27 ու կես տոկոսով: Շուկան շարունակում է մնալ գերկենտրոնացված: Գործարքների 30.7 տոկոսը կատարվել է մայրաքաղաքում: Ամենաքիչը անշարժ գույք գնել և վաճառել են Վայոց ձորի մարզում:
2021 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր գործարքների առավել բարձր տոկոսը գրանցվել է օտարման, իսկ առավել ցածրը՝ օրինականացման գործարքների նկատմամբ: Ավելացել է նաև վարձակալության ցուցանիշը:
Եթե նախորդ տարի համավարակն ու Արցախյան պատերազմն իրենց ազդեցությունն ունեցան անշարժ գույքի շուկայի վրա և որոշակիորեն նվազեցին անշարժ գույքի գները, ապա այս տարվա առաջին եռամսյակից պատկերը մի փոքր այլ է:
Անդրանիկ Հարությունովի կարծիքով՝ անշարժ գույքի գները գրեթե չեն փոխվել: Արժեքի ձևավորման վրա այսօր մեծ ազդեցություն ունեն փոխարժեքի տատանումները:
Այս տարի աննախադեպ հետաքրքություն կա նաև գյուղատնտեսական հողերի նկատմամբ: 34 977 գործարքից 21 340-ը վերաբերել են գյուղատնտեսական հողերի իրավունքի պետական գրանցմանը:
Տնտեսական և գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև օտարերկրացիները:
Ընդհանուր գործարքների 7,7 տոկոսն իրականացվել է հենց օտարերկրացիների կողմից։ Մեր երկրում անշարժ գույք հիմնականում գնել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, եվրոպական մի շարք երկրների, Իրանի և Սիրիայի քաղաքացիները:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան