9087 դասաժամ է ձեզ բաժանում նոր՝ տեխնոլոգիական մասնագիտությունից ու նոր աշխատանքից: Բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունը 8 կրթական կենտրոնում կազմակերպում է դասընթացներ տեխնոլոգիական 16 ուղղությամբ: Այս տարի արդեն 858 ուսանող կա, տեղերը 3700 դիմորդի համար են: Ոլորտն էլ խնդիր ունի մասնագետների հենց այսօր, իսկ բակալավրիատում ուսանողները դեռ 4 տարի պետք է սովորեն:
Դավիթ Սահակյան (ԲՏԱ նախարարի տեղակալ) - Ինդուստրիան չի կարող սպասել, որ բուհական համակարգը տա այն կադրերը, որոնք նրան պետք են այսօր, դրա համար մենք փորձում ենք այս կարճաժամկետ ծրագրերի միջոցով ծածկել այդ ծրագրերի բացը:
124 դասախոսին էլ ընտրել են ոլորտի առաջատարներից: Դասավանդող ընկերություններից վստահեցնում են՝ 2 ամսում հնարավոր է նոր մասնագիտություն ձեռք բերել: Ծրագիրը համաֆինանսավորմամբ է. պետությունը վճարում է մասնակիցների վարձի մինչև 80 տոկոսը՝ ընդունելության և ավարտական քննությունների միջինացված արդյունքներով: Երևանում՝ 30-70%, մարզերում և Արցախում՝ 40-80%-ի չափով ուսման վարձը կզեղչվի։ Շատերն են դիմում նաև Արցախից: Ի դեպ, ծրագիրը արցախյան բոլոր պատերազմների մասնակիցների համար անվճար կրթության հնարավորություն է տալիս:
Կլարա Հակոբյան (ԲՏԱ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի համակարգող) - Այս պահին ունենք նաև պատերազմի երկու մասնակից դիմորդ, որ սպասում է դասերի մեկնարկին:
Դավիթ Սահակյան - Ինչքան շատ մարդ ընդունվի աշխատանքի, այդքան կհամարենք ծրագիրը հաջողված: Մենք ակնկալում ենք, որ շատ բարձր, համենայնդեպս, 90 տոկոսից բարձ ցուցանիշով աշխատանքի ապահովություն կունենանք:
Նախագծերի կառավարիչ դառնալու համար օրինակ. այստեղ և մյուս ընկերություններում նախնական մասնագիտությունը կարևոր չէ: Կարևոր են անգլերենի իմացությունը, մաթեմատիկական կարողությունները, վերլուծական հմտությունները, որ աշխատաշուկա մտնելիս խնդիրներ չունենան:
Կլարա Հակոբյան - Դասընթացներից հետո մենք խորհրդատվություն ենք տալիս, մենք կապելու ենք լավագույն ուսանողներին, որ անցնեն աշխատանքի:
Նախորդ տարվանից էլ հաջողված պատմություններ ունեն: Պահանջված են մեքենայական ուսուցման, «Ջավայի», «Փայթոնի» դասընթացները:
Ռիտա Ասրյան (ԲՏԱ ծրագրերի վարչության ավագ մասնագետ) - Մոտ 30 տոկոսն անցել է աշխատանքի լավագույն տեխնոլոգիական ընկերություններում՝ «Դատա Արտ», «Բեթքընսթրաքթ», «Յուքրաֆթ», «Կրիսպ» և այլն:
Հիմա մյուս մասնակիցներին էլ ընտրում են: Ընդունելությունը շարունակվում է, նոր մասնագիտություն սովորելու քայլերն էլ շատ պարզ են. անհրաժեշտ է սեղմել «դիմել հիմա» կոճակը, որից հետո բացվում է գրանցման թերթիկը պետք է գրանցվի, գրանցվելուց հետո արդեն կազմակերպությունը կապ է հաստատում մասնակցի հետ: