Նիդերլանդների Թագավորությունը պատրաստ է աջակցել Հայաստանին դատաիրավական ոլորտում սկսած բարեփոխումներն իրականացնելու աշխատանքներում։ Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հարցերն այսօր քննարկել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը։
Դեսպանը նախարար Անդրեասյանից հետաքրքրվել է նախարարության առաջնահերթություններով և ընդգծել, որ Նիդերլանդները բաց է բոլոր առաջարկների համար։
Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի հետ կապված հինգ մեծ երազանքները՝ ուղղված Սահմանադրության, քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի բարեփոխումներին, բարեվարքության ստուգման միջոցով դատական համակարգի առողջացմանը, հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումներին և դատաիրավական համակարգի թվայնացմանը։
Այս համատեքստում նախարարը նշել է, որ ոլորտները մեծ են, կարևոր ու առանց միջազգային գործընկերների աջակցության այդ ուղղությամբ բարեփոխումները կյանքի կոչելը դժվար կլինի։
Դեսպան Սխերմերսը Նիդերլանդների պատրաստակամությունն է հայտնել մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու հարցում։