ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը զգուշացրել է, որ ԵՄ ընդհանուր զինված ուժերի ձևավորումը կթուլացնի ՆԱՏՕ-ն և «կբաժանի Եվրոպան»: Նրա խոսքով՝ պաշտպանության ոլորտում Եվրամիության նման քայլերը «երբեք չեն փոխարինի ՆԱՏՕ-ին»՝ տեղեկացնում է Russian Today-ը:
Ավելի վաղ եվրոպական ուժային կառույցների ներկայացուցիչները հայտարարել էին ԵՄ բանակի և պաշտպանական համակարգի ձևավորման, ինչպես նաև Վաշինգտոնից և դաշինքից ավելի մեծ անկախություն ձեռք բերելու մասին:
Սեպտեմբերի 2-ին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարևոր էր համարել «եվրոպական պաշտպանության ուժեղացումը»: «Այդ անհրաժեշտությունը երբեք այսքան ակնհայտ չի եղել, որքան այսօր՝ Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո»,- ասել է Բորելը:
Փորձագետների կարծիքով՝ նման խոսակցությունները «մեծապես նյարդայնացնում են» ՆԱՏՕ-ին՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, որը չի ցանկանում կորցնել իր ազդեցությունը Եվրոպայում: Նրանք ենթադրում են, որ ամերիկյան կողմը, ամենայն հավանականությամբ, կխափանի սեփական զինված ուժեր ստեղծելու Բրյուսելի բոլոր փորձերը:
Ստոլտենբերգը դաշինքի ամրության հարցում կարևորել է խնդրի և՛ ֆինանսական, և՛ քաղաքական կողմը: «Մեր պաշտպանական ծախսերի 80%-ը ստացվում է դաշնակիցներից, որոնք ԵՄ անդամ չեն: Նորվեգիան և Իսլանդիան՝ հյուսիսում, Թուրքիան՝ հարավում, ԱՄՆ-ը, Կանադան և Մեծ Բրիտանիան՝ արևմուտքում, չափազանց կարևոր դեր են խաղում Եվրոպայի պաշտպանության գործում... Ի վերջո, տրանսատլանտյան կապերի ցանկացած թուլացում կբաժանի Եվրոպան»,- ասել է քաղաքական գործիչը: