2011 թվականին ընդդիմության զանգվածային ցույցերի ժամանակ սպանված Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սաադին, ազատ է արձակվել մայրաքաղաք Տրիպոլիի բանտից: Այդ մասին հայտնել է AFP-ն՝ հղում անելով Լիբիայի արդարադատության նախարարության աղբյուրին:
Ըստ մի շարք տեղական լրատվամիջոցների՝ Սաադի Քադաֆին բանտից ազատվելուց հետո մեկնել է Թուրքիա:
2011-ի աշնանային ապստամբությունից հետո, որի արդյունքում տապալվեց Մուամար Քադաֆիի իշխանությունը, Սաադի Քադաֆին փախավ Նիգեր: Ավելի ուշ՝ 2014 թվականին, երիտասարդին արտահանձնեցին Լիբիա: Նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը պահվում էր Տրիպոլիի բանտում: Նա մեղադրվում էր 2011 թվականին ցուցարարների դեմ հանցագործությունների և 2005 թվականին Լիբիայի ֆուտբոլի մարզիչ Բաշիր ալ Ռիանիի սպանության համար: 2018-ի ապրիլին վերաքննիչ դատարանը արդարացրեց կրտսեր Քադաֆիին:
Լիբիայի դատարանը 2015 թվականին մահապատժի դատապարտեց նախկին բռնապետի մյուս որդուն՝ Սեյֆ ալ Իսլամին, ու ևս ութ անձի՝ նրանց մեղադրելով Քադաֆիի ռեժիմի դեմ ապստամբության ընթացքում կատարված հանցագործությունների, այդ թվում ՝ սպանությունների և կոռուպցիայի համար: Սակայն պատիժը չիրականացվեց: Հետագայում Սեյֆ ալ Իսլամը պաշտոնապես ազատվեց բոլոր մեղադրանքներից:
Այսօր տեղական ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են Ալ-Իսլամի՝ Լիբիայում նախագահի պաշտոնում առաջադրվելու և դեկտեմբերի 24-ին նշանակված ընտրություններին մասնակցելու տեղեկությունները:
Հիշեցնենք, որ Մուամար Քադաֆին Լիբիայում իշխանության էր եկել 1969 թ.՝ ապստամբների միջոցով թագավորին տապալելուց հետո: 2011-ին՝ ընդդիմության զանգվածային ցույցերի ժամանակ, Քադաֆին սպանվեց, որից հետո երկիրը երկար ժամանակ հայտնվեց քաոսի մեջ: