Սեպտեմբերի 5-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ:
ԱԳ նախարար Հուսեյնը շնորհակալություն է հայտնել դեսպան Փոլադյանին՝ կատարված արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն մաղթել դիվանագիտական հետագա ծառայության մեջ, ընդգծել դեսպան Հրաչյա Փոլադյանի ջանքերով Էրբիլում բացված ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Հայկական մշակութային տունը, մի շարք երկողմ այցերի իրականացումը, ինչպես նաև արդյունավետ աշխատանքը վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում։
Դեսպան Փոլադյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար, և օգտվելով առիթից՝ շնորհավորել Բաղդադում Իրաքի կառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 28-ին տեղի ունեցած Համագործակցության և գործընկերության Բաղդադի գագաթաժողովի անցկացման կապակցությամբ։
Հանդիպման վերջում փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնը դրական է արտահայտվել հայերի մասին՝ նշելով, որ հայերն Իրաքում գնահատված ժողովուրդ են և մշտապես գտնվում են ապահով ձեռքերում։