Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հայաստանցիներն անվերապահորեն կողմ են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։
Պարզ է դարձել նաև, որ առկա են անվտանգության փխրուն միջավայրի հետ կապված մտահոգություններ, իսկ տարակուսանքը պատվաստումների նկատմամբ, որպես կորոնովիրուսային համավարակի դեմ պայքարի միջոց, նվազել է։
Համաձայն հարցման՝ հայաստանցիների 63%-ն իր գոհունակությունն է հայտնել հունիսին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
«Ցանկացած ժողովրդավարության մեջ ընտրությունների արդյունքների նկատմամբ ցուցաբերած այսչափ գոհունակությունն արդեն իսկ ողջունելի զարգացում է»,- ասել է ՄՀԻ Եվրասիայի բաժնի տնօրեն Սթիվեն Նիքսը:
«Գոհունակության նման աստիճանն առաջ է քաշում այն գաղափարը, որ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում գրանցված արդյունքները ներկայացնում էին ժողովրդի կամքը»:
Այնուամենայնիվ, քառասունչորսօրյա պատերազմից հետո անվտանգային անորոշ իրավիճակը հանրության շրջանում շարունակում է մնալ խիստ մտահոգիչ: Հարցին, թե Կառավարությունն իր առջև ծառացած ո՞ր կարևոր հարցերին պետք է առաջնային կերպով անդրադառնա, հայաստանցիների 62%-ն անվտանգության ոլորտում առաջացած հարցերի լուծումը համարում է առաջնահերթություն պահանջող կարևորագույն երկու խնդիրներից մեկը։
«Հայաստանի ժողովուրդը դեռևս խիստ մտահոգված է Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքով առաջացած անվտանգային իրավիճակով, և Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի ռազմական գործողությունների վերսկսման մտավախությունը մեղմելու համար»,- ասել է Նիքսը:
Ինչ վերաբերում է համաճարակին՝ պատվաստանյութերի վերաբերյալ նախկին տարակուսանքը հանդարտվել է: Ընդհանուր առմամբ, հայաստանցիների 48%ն ասել է, որ արդեն պատվաստվել է՝ (8%), կամ հաստատ մտադիր է պատվաստվել՝ (13%), կամ էլ հավանաբար կպատվաստվի՝ (27%)։
«COVID-19-ի դեմ պայքարում Առողջապահության նախարարությունը պետք է շարունակի իր հանրային իրազեկումը՝ խրախուսելով պատվաստվել հասարակության ավելի լայն զանգվածներին»,- նշել է Նիքսը:
Հետազոտությունն անցկացվել է ՄՀԻ Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ և իրականացվել «Այ Փի Էս Սի» կողմից:
Տվյալները հավաքվել են ամբողջ Հայաստանի տարածքում 2021 թվականի հուլիսի 21-30-ն ընկած ժամանակահատվածում` հեռախոսային հարցազրույցների միջոցով, որոնց համար հարցվողներ ընտրվել են ավտոմատացված պատահական հեռախոսահամարներին զանգահարելու միջոցով (random digit dialing) բջջային հեռախոսահամարների հավանականության նմուշառմամբ:
Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,504 ՀՀ քաղաքացիներից։ Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 կետային տոկոսը ամբողջ ընտրանքի համար՝ վստահության 95% մակարդակով։