Հունիսին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս՝ հայաստանցիներն անվերապահորեն վստահում են խորհրդարանի վերջին ընտրության արդյունքներին։ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած ամփոփ տվյալներն են:
Պարզ է դարձել նաև, որ առկա են «անվտանգության փխրուն միջավայրի» հետ կապված մտահոգություններ: Հայաստանցիների 63 %-ն իր գոհունակությունն է հայտնել հունիսին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
Սթիվեն Նիքս, ՄՀԻ Եվրասիայի բաժնի տնօրեն - Ցանկացած ժողովրդավարության մեջ ընտրությունների արդյունքների նկատմամբ ցուցաբերած այսչափ գոհունակությունն արդեն իսկ ողջունելի զարգացում է: Գոհունակության նման աստիճանն առաջ է քաշում այն գաղափարը, որ հունիսին կայացած ընտրության արդյունքները ներկայացնում էին ժողովրդի կամքը:
Հարցին, թե կառավարությունն իր առջև ծառացած ո՞ր կարևոր հարցերին պետք է առաջնային կերպով անդրադառնա, հայաստանցիների 62 %-ն անվտանգության ոլորտում առաջացած հարցերի լուծումն է նշել:
Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ տեղեկություն ստանալու առավել հուսալի լրատվամիջոց է Հանրային հեռուստաընկերությունը՝ հարցախույզին մասնակցածների 23 տոկոսի կարծիքն է: 11 տոկոսը տվել է «Շանթ», իսկ 9 տոկոսը՝ «Արմենիա» հեռուստաընկերության անվանումը: «Ազատություն» ռադիոկայանը վարկանշային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է:
Պատասխանելով COVID-19-ի դեմ պայքարի տարբերակների մասին հարցին՝ 26 %-ը նշել է, որ կողմ է փակ տարածքներում ավելի խիստ հակահամաճարակային միջոցների կիրառմանը, 17 %-ը կողմ է պատվաստումների մասին ավելի շատ խոսելուն: 68 %-ը բավարարված է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ կառավարության տրամադրած տեղեկության բովանդակությամբ, 54 %-ի կարծիքով` զանգվածային պատվաստումը կօգնի վերականգնել տնտեսությունը: 52 %-ը բարձր է գնահատել պատվաստումների արդյունավետությունը: Պատվաստված քաղաքացիների` 84 %-ը նշել է, որ պատվաստվելու որոշում է կայացրել առողջության մասին մտահոգվելով, 9 %-ը՝ արտերկիր մեկնելու համար: Շուրջ 62 %-ը նշել է, որ COVID-19-ի դեմ իր նախընտրած պատվաստանյութը հասանելի է: 69 %-ին մտահոգում են կորոնավիրուսի նոր շտամները, 68 %-ի կարծիքով` պատվաստումը կարող է կանխել նոր շտամների տարածումը:
Սթիվեն Նիքս - COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է շարունակի իր հանրային իրազեկումը՝ խրախուսելով պատվաստվել հասարակության ավելի լայն զանգվածներին:
Հարցումները ցույց են տվել, որ պատվաստանյութերի վերաբերյալ նախկին թերահավատությունը հաղթահարվել է: Հարցվածների 8 %-ն ասել է, որ պատվաստվել է, 13 %-ը հաստատ մտադիր է պատվաստվել, 27 %-ն ասել է՝ հավանաբար կպատվաստվի: 30 %-ը վստահ է, որ չի պատվաստվի: Իսկ թե ինչո՞ւ, հարցվածների 35 %-ը պատասխանել է, որ անհանգստացած է կողմնակի ազդեցություններից, 10 %-ը կարծում է, որ պատվաստանյութերը չեն պաշտպանում, 1 %-ի խոսքով՝ իրենց նախընտրելի պատվաստանյութը Հայաստանում չկա: