Լեռնապատի երկնքում հայկական ԱԹՍ-ներ են. Գյումրիից, Գեղարքունիքից ու Երևանից դպրոցական թիմերը հասել են Լոռի՝ նախապատրաստվելու սեպտեմբերի 18-ին կայանալիք «Հավք 2021» ԱԹՍ առաջին մրցույթին, որին մասնակցելու է 30 թիմ։
Լյովան ու ընկերները Շիրակից են. վերջին փորձերն են անում: Պատանի գյուտարարներն ուզում են օդաչու դառնալ:
Լյովա Մելքոնյան (Գյումրու ավիամոդելային խմբակի աշակերտ) - Այս մոդելը կարող է գնալ 40 կիլոմետր, կարող է օդ բարձրանալ 4 կիլոմետր և օդի մեջ մնալ մոտավորապես կես ժամ: Նրա քաշը 1 կիլոգրամ է, և կարող է տանել 300 գրամ:
«Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը» Լոռու մարզի Լեռնապատ գյուղի օդանավակայանում համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու համար մոտ 20 միլիոն դրամ է ծախսել: Շուրջ 2800 հոգի հիմնադրամին դրամական աջակցություն է փոխանցել: 100 մետր երկարությամբ թռիչքուղին արդեն պատրաստ է:
Ավետիք Քերոբյան (Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ) - Մենք այստեղ նախատեսում ենք բացի թռիչքուղուց ունենալ ԱԹՍ շահագործման, դրանց վերանորոգման համար անհրաժեշտ և՛ արհեստանոցներ, և՛ որոշ տեսակի ենթակառուցվածքներ:
Հայաստանում ԱԹՍ արտադրող ոչ մի ընկերություն փորձադաշտ չունի: Մեկ տարուց խոստանում են ավարտել մասնագիտացված օդանավակայանի շինաշխատանքը: Այստեղ սովորելու, իրենց ԱԹՍ-ները փորձարկելու են հիմնականում «ԱՐՄԱԹ» ինժեներական լաբորատորիաներում սովորող աշակերտները:
Ավետիք Քերոբյանը չի բացառում, որ այսպիսի օդանավակայաններ հետագայում կկառուցվեն նաև Հայաստանի մյուս մարզերում:
Ավետիք Քերոբյան - Շատ կարևոր է, որպեսզի մենք ունենանք մեր հանրության մեջ բավարար չափով հետաքրքրություն հենց տեխնիկայի այդ ուղղության զարգացման նկատմամբ և անընդհատ նորանոր թիմեր, գաղափարներ առաջանան:
«Հավք 2021» մրցույթին թիմերը երեք անվանակարգում են մրցելու: Մասնակցելու է 16 դպրոցական թիմ, 11 սիրողական և 3 մասնագիտացած ընկերություն։ Առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ։
Գեղարքունիքի «Այգուտ» թիմը չորս փորձնական թռիչք է արել, տղաները գոհ են արդյունքից:
Շահեն Արաբաչյան («Այգուտ» թիմի մարզիչ) - Թիմում ընդգրկված է չորս հոգի, իհարկե, հետագայում թիմը կընդլայնվի: 4 օրում հավաքել ենք, փորձարկել ենք: Պիտի գտնենք կրակի ծխացող օջախ և ֆիքսենք կոորդինատները ԱԹՍ-ի միջոցով և հայտնենք ժյուրիի անդամներին:
Խմբերի առջև դրվել է երեք խնդիր. ԱԹՍ-ի միջոցով հայտնաբերել կրակի օջախ և տուժածի, գոյատևման փաթեթ առաքել, հեղուկ նյութեր սփռել։ Ավետիք Քերոբյանի խոսքով՝ ԱԹՍ-ների միջոցով նման խնդիրների լուծումը կարող է էապես թեթևացնել փրկարարի աշխատանքը: