Աֆղանստանի նոր կառավարության կազմը կհայտարարվի առաջիկա օրերին՝ հայտարարել է «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը՝ չնշելով հստակ օր: Նրա խոսքով՝ Աֆղանստանում նոր կառավարության ձևավորման առնչությամբ որոշում ընդունելու գործընթացն ավարտվել է, մնացել են տեխնիկական հարցեր: Այսօր թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցել է իրենց հսկողության ներքո, և երեք շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ են արդեն հայտարարել պատերազմն ավարտելու մասին: «Թալիբանը» նաև մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին, Թուրքիային, Չինաստանին, Իրանին, Պակիստանին և Կատարին հրավիրել է մասնակցելու երկրի կառավարության նոր կազմի հայտարարմանը նվիրված միջոցառումներին:
*****
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունեցել «Թալիբանի» ներկայացուցիչների հանդիպումը Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ։ «Թալիբանի» ներկայացուցիչ Սուհեիլ Շահինի փոխանցմամբ՝ հանդիպման առանցքային թեմաներն են եղել Քաբուլի օդանավակայանի անվտանգության և կառավարման, ինչպես նաև, առհասարակ, Աֆղանստանում տիրող իրավիճակն ու Աֆղանստանի, Թուրքիայի և ՌԴ-ի հետագա հարաբերությունները։
*****
Իրանը պատրաստ է Եվրոպայի հետ համապարփակ համագործակցությունն սկսել Ֆրանսիայից՝ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում նշել է Իրանի նախագահը: Ֆրանսիայի նախագահի հետ զրույցում Էբրահիմ Ռայիսին ողջունել է Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը՝ հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում: Անդրադառնալով միջուկային բանակցություններին՝ Ռայիսին ասել է, որ Թեհրանը դեմ չէ արդյունավետ բանակցություններին, սակայն բանակցությունների ծրագիրն ու արդյունքը պետք է լինեն Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, իսկ պարզապես բանակցելու համար բանակցություններն անօգուտ են:
*****
Վրաստանում քննարկում են 12 տարեկանից բարձր դեռահասների պատվաստման հարցը: Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ փորձագիտական խմբերը քննարկում են տարիքային այդ խմբի պատվաստման հարցը՝ հաշվի առնելով նաև տարբեր երկրների փորձը: Գաբունիան կարծում է, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Վրաստանը հստակ դիրքորոշում կհայտնի այդ հարցի վերաբերյալ:
*****
88 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն: Հայտնի արվեստագետն իր կարիերայի ընթացքում խաղացել է ավելի քան 100 ֆիլմում, բազմաթիվ ներկայացումներում հանդես եկել առաջնային դերերով: Բելմոնդոյի ստեղծագործական դեբյուտն սկսվել է 1950 թվականին՝ Փարիզում: Նրա առաջին կինոդերը եղել է «Քնած գեղեցկուհին» ֆիլմում: Բելմոնդոյին համաշխարհային հռչակ բերեց, սակայն, Ժան-Լյուկ Գոդարի «Վերջին շնչով» ֆիլմը: Բռնցքամարտիկի կառուցվածքով և կոտրած քթով ֆրանսիացի տղային հաջողվեց դառնալ 60-ականների ֆրանսիական կինոյի առաջատար դեմքերից մեկը: 1959 թվականին նա նկարահանվել է Վիտորիո Դե Սիկայի «Չոչարա» ֆիլմում՝ ստանալով «Օսկար» ամերիկյան կինոմրցանակ: 2019 թվականի հուլիսի 14-ին Բելմոնդոյին շնորհվեց Ֆրանսիայի «Պատվո լեգեոնի» շքանշան: