Թուրքիայի իշխանությունները վերջին շրջանում փորձում են կարգավորել հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ ու նվազեցնել լարվածությունը: Թուրքիայում հայտնի լրագրող Ֆաթիհ Ալթայլըն ներկայացրել է այդ քայլին դիմելու թուրքական իշխանության նպատակը՝ տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ լրագրողի՝ թուրքական կառավարությունը ցանկանում է, որ Միացյալ Էմիրություններն արտահանձեն այդ երկրում գտնվող հանցավոր խմբավորման թուրք պարագլուխ Սեդաթ Փեքերին: Անկարան Աբու Դաբիին առաջարկել է Փեքերին փոխանակել Թուրքիայում պահվող ԱՄԷ-ի 2 լրտեսի հետ:
Ըստ ստացված տեղեկության` ԱՄԷ-ն դեռևս վերջնական պատասխան չի տվել այդ առաջարկին, սակայն թուրքական կողմն ակնկալում է դրական արձագանք:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հայտնի հանցավոր հեղինակություն Սեդաթ Փեքերը YouTube-ում հաղորդումների շարք էր սկսել, որոնց միջոցով բացահայտում էր երկրում իշխող ուժի կարկառուն ներկայացուցիչների հանցանքները, օրենքի խախտումները: Նրա թիրախում էր հատկապես Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Փեքերը նախկին և ներկա թուրք հայտնի պետական գործիչներին մեղադրում է տարբեր ծանրության հանցագործություններ՝ սպանություններ, բռնաբարություններ, կոռուպցիոն գործարքներ կատարելու և թմրանյութերի վաճառքով զբաղվելու հարցում: