«Թալիբան» շարժումը դեմ չէ, որ աֆղանստանցի աղջիկներն ու կանայք ուսում ստանան, իհարկե, որոշ սահմանափակումներով:
Մասնավոր բուհերի ուսանողուհիները, օրինակ, պետք է պարտադիր նիկաբ կրեն՝ գլխաշոր, որն ամբողջությամբ ծածկում է դեմքը աչքերի մոտ բացվածքով: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը:
Ըստ նոր օրենքի՝ տղամարդիկ և կանայք կպարապեն առանձին լսարաններում, իսկ եթե դա հնարավոր չլինի, լսարանը վարագույրով կբաժանվի երկու մասի, կօգտագործվեն առանձին մուտքեր և ելքեր:
Աղջիկներին պետք է դասավանդեն միայն կանայք կամ լավ հեղինակություն ունեցող «տարեց տղամարդիկ»:
Չնայած սահմանափակումներին՝ համալսարանի պրոֆեսորներից մեկի կարծիքով՝ այն փաստը, որ աֆղանստանցի աղջիկներին և կանանց թույլատրվում է շարունակել ուսումը, «մեծ դրական քայլ է»:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ թալիբները դեմ չեն բողոքի ցույցերին, այդ թվում՝ կանանց մասնակցությամբ, չնայած որ Քաբուլում նրանք ուժ էին կիրառել կին ցուցարարների նկատմամբ: