«ԹԱԼԻԲԱՆԸ» ԳՐԱՎԵՑ ՓԱՆՋՇԵՐԸ
«Թալիբանի» կողմից Փանջշերի գրավման լուրերը հաստատվել են: «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը հայտարարել է, որ Աֆղանստանի տարածքում ռազմական գործողությունները կարելի է համարել ավարտված: Նրա խոսքով՝ Փանջշերում ապաստանած նախկին վարչակարգի ներկայացուցիչները հեռացել են երկրից: Ազգային դիմադրության ճակատը հայտարարել է, որ Փանջշեր նահանգի առաջնորդ Ահմադ Մասուդը գտնվում է անվտանգ վայրում: Ավելի վաղ հակաթալիբյան ուժերը հերքում էին Փանջշերի գրավման մասին լուրերը:
Փանջշերը Աֆղանստանի միակ նահանգն էր, որը թալիբների վերահսկողության տակ չէր: Թալիբները Փանջշերի բնակչությանը խոստացել են, որ ճնշումներ չեն գործադրելու:
ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԵՆՔ ՄԵՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՔԱԲՈՒԼՈՒՄ. ԵՄ
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես է եկել ԵՄ-ի կողմից «Թալիբան» շարժման հետ բանակցություններ նախաձեռնելու օգտին: «Մենք պետք է ապահովենք մեր ներկայությունը Քաբուլում ու պետք է խուսափենք, որ այլ տերություններ մեզ դուրս մղեն այնտեղից»,- ասել է Բորելը: Նա հատուկ շեշտել է, որ «այն, ինչ տեղի է ունեցել Աֆղանստանում, ողբերգություն էր աֆղանցիների ու իրական ձախողում՝ Արևմուտքի համար»: Բորելի խոսքով՝ Աֆղանստանի իրադրությունը խիստ փոփոխություններ կբերի միջազգային տարբեր հարթակներում, այդ իսկ պատճառով պետք է այնպես գործել, որ հետագայում խուսափել այլ երկրներում նման սցենարի կրկնվելուց:
ՊՈՒՏԻՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԶԵԼԵՆՍԿԻԻ ՀԵՏ
«Ռուսաստանի նախագահը հստակ հաստատել է Ուկրաինայի նախագահի հետ հանդիպելու իր պատրաստակամությունը»՝ հայտարարել է նախագահի մամուլի խոսնակը: Դմիտրի Պեսկովի խոսքով` երկու երկրների հարաբերություններն անհրաժեշտ է ուղղել, սակայն Կիևի կողմից փոխադարձ քաղաքական կամք չի նկատվում: «Ռուս-ուկրաինական հարաբերությունները, բանի պետք չեն»,- շեշտել է Պեսկովը՝ կարևորելով հարաբերությունները շտկելու անհրաժեշտությունը:
ԻՐԱՆԸ ԿԽՈՐԱՑՆԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ
Իրանը պատրաստ է Եվրոպայի հետ համապարփակ համագործակցությունը սկսել Ֆրանսիայից՝ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում նշել է Իրանի նախագահը:Ֆրանսիայի նախագահի հետ զրույցում Էբրահիմ Ռայիսին ողջունել է Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը, հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում: Դատապարտելով որոշ երկրների քաղաքականությունը, որոնք ահաբեկչությունը բաժանում են լավի և վատի, Ռայիսին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում: Ընդգծելով, որ Աֆղանստանում ՆԱՏՕ -ի և ԱՄՆ -ի ռազմական միջամտության քաղաքականությունը ձախողվել է,Իրանի նախագահն ասել է, որ աֆղանական խմբերը պետք է հասնեն բոլոր աֆղանցիների համար ընդունելի մոդելի, իսկ Իրանը պատրաստ է աջակցել խաղաղության ու անվտանգության հաստատմանը և կանխել եղբայրասպանությունը Աֆղանստանում: Անդրադառնալով միջուկային բանակցություններին՝ Ռայիսին ասել է, որ Թեհրանը դեմ չէ արդյունավետ բանակցություններին, սակայն բանակցությունների ծրագիրն ու արդյունքը պետք է լինեն Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, իսկ պարզապես բանակցելու համար բանակցություններն անօգուտ են»:
ՄԱԿ-Ը ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԳՎԻՆԵԱՅՈՒՄ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁԸ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խստորեն դատապարտել է Գվինեայում տեղի ունեցած ենթադրյալ հեղաշրջումը, կոչ արել անհապաղ ազատ արձակել երկրի նախագահին։ «Դատապարտում եմ զենքի ուժով կառավարության զավթման ցանկացած փորձ և կոչ անում անհապաղ ազատ արձակել նախագահ Ալֆա Կոնդեին»,- գրել է Գուտերեշը Թվիթերի իր էջում։ Գվինեայի Հանրապետությունում կիրակի պետական հեղաշրջման փորձ է ձեռնարկվել: Գվինեական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի ավելի քան 10 տարի ղեկավարող նախագահը ձերբակալվել է զինվորականների կողմից:
Նախնական տվյալով, գնդապետ Մամադի Դումբույի ղեկավարած զինվորականները հայտարարել են, որ կապահովեն քաղաքացիների և նրանց սեփականության անվտանգությունը: Երկրում հայտարարվել է պարետային ժամ: