Աֆղանստանից փախչելու համար բրիտանացի հատուկջոկատայինները՝ մոտ 20 մարտիկներ, դիմել են խորամանկ միջոցի: Զինծառայողները գաղտնի հետախուզական առաքելություն էին իրականացնում Աֆղանստանի հարավում: Հրամանատարությունը զգուշացրել էր, որ ուղղաթիռներ չկան նրանց տարհանելու համար, ուստի ստիպված են ինքնուրույն հասնել Քաբուլ՝ որևէ կերպ քողարկվելով՝ գրում է Euronews-ը:
Բրիտանացիների համար ամենադժվարը թալիբների գրաված Քաբուլում տաքսիով Համիդ Քարզայի օդանավակայան հասնելն էր: Դրա համար նրանք ստիպված են եղել կանացի չադրաներ կրել, որոնք ամբողջությամբ ծածկում են մարմինն ու դեմքը:
Ճանապարհին զինծառայողների մեքենաները մի քանի անգամ կանգ են առել «Թալիբանի» անցակետերում: Քողարկված բրիտանացիներին ուղեկցող աֆղանական հատուկջոկատայինը թալիբներին բացատրել է, որ կանայք շատ բարեպաշտ են և ցանկանում են ողջունել նրանց վերադարձը:
Ռիսկային պահեր եղել են, բայց բրիտանացիներին օգնել է այն հանգամանքը, որ թալիբները չեն դիմել կտրուկ քայլի, չեն հանել «կանանց» չադրաները:
Բրիտանացի վերջին զինծառայողները Աֆղանստանը լքել են օգոստոսի վերջին: Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիան տարհանել է ավելի քան 15,000 մարդու, որից 2 հազարը՝ երեխա: