Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ազգային ժողովի «Հանրապետական» նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանիև նրա փեսայի՝ Սուրեն Ղազարյանի գործով դատական նիստը:
Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու, ղեկավարելու և կազմակերպելու, իսկ Սուրեն Ղազարյանը՝ նրան օժանդակելու համար:
Առանձնատնից, հիշեցնենք, հափշտակվել էին շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ տարբեր ոսկյա զարդեր: Լևոն Սարգսյանը 2018 թվականից հետախուզման մեջ էր և միայն 2019-ին ՌԴ իրավապահները նրան հայտնաբերեցին ու արտահանձնեցին Հայաստանին:
Այս նիստում հարցաքննվեց Ավետիսյանի տան վրա հարձակման գործով տարիներ առաջ դատապարտված Բագրատ Սողոմոնյանը, որը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Նախաքննության ընթացքում Լևոն Սարգսյանի դեմ ցուցմունք տված Սողոմոնյանը դատարանում այլ հայտարարություն արեց: Նա ասաց, որ չի ճանաչում ամբաստանյալներին, լսել է միայն, որ Լևոն Սարգսյանն ԱԺ նախկին պատգամավոր է:
Բագրատ Սողոմոնյան, դատապարտյալ - Այս գործի հանգամանքների մասին մոտավորպես 14 տարի առաջ ցուցմունք տվել եմ, այլևս ցանկություն չունեմ ինչ-որ բան ասել կամ լսելլ:
Մեղադրող դատախազի հարցին ի պատասխան՝ Սողոմոնյանն ասաց, որ Լևոն Սարգսյանի ու Սուրեն Ղազարյանի հանցագործությանն առնչություն ունենալու մասին որևէ տեղեկություն չի ունեցել:
Բագրատ Սողոմոնյան - Ով առնչություն է ունեցել, 10 հոգանոց խումբը դատապարտվել է, կրել է իր պատիժը, դուրս է եկել, հիմա էլ հանգիստ խաղաղ ուզում է իր կյանքով ապրել: Հստակ նշված է եղել, թե ով է եղել կազմակերպիչը, ով՝ պատվիրատուն, հիմա ի՞նչ նոր պրոցես է:
Դատախազի հարցին՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների կապակցությամբ իր նկատմամբ ճնշում եղե՞լ է, հարցաքննվողը բացասական պատասխան տվեց: Նախաքննության ընթացքում, սակայն, Սողոմոնյանը՝ որպես հանցագործության պատվիրատու, նշել է Լևոն Սարգսյանի անունը: Այս և այլ հակասությունների հիմքով մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել Սողոմոնյանի նախաքննական ցուցմունքները, ինչը դատարանը բավարարեց:
Վաչե Ղազարյան, մեղադրող դատախազ - Ավազակային հարձակում անելուց առաջ ես իմացել եմ, որ այս ամենը պատվիրել է Լևոն Սարգսյանը, որ հանրության մեջ հայտնի է «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ, նախկին ԱԺ պատգամավոր է:
Իսկ Ավետիսյանի առանձնատան գծագիրը, ըստ Սողոմոնյանի ցուցմունքի, տվել է Սարգսյանի փեսան՝ Սուրեն Ղազարյանը: Լևոն Սարգսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ, սակայն, Սողոմոնյանը նշել է, թե կատարված հանցագործության հետ Սարգսյանը որևէ առնչություն չունի:
Լրացուցիչ հարցաքննության ժամանակ, երբ քննիչը հարցրել է, թե ինչո՞ւ է այդ դեպքում նախաքննության ընթացքում որպես պատվիրատու նշել Սարգսյանի անունը, Սողոմոնյանը չի պատասխանել:
Դատարանում շուրջ մեկ ու կես ժամ տևած հարցաքննությունից հետո Բագրատ Սողոմոնյանը որոշեց անկեղծանալ՝ խոսելով Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի դեմ ցուցմունք տալու պատճառների մասին: Նա նշեց, որ այդպիսի խնդրանք եղել է գործի մասնակիցներից մեկի կողմից, բայց թե ում՝ չբացահայտեց:
Բագրատ Սողոմոնյան - Խնդրանքը եղել է հետևյալը, որ իբր այս մարդիկ են գործի կազմակերպիչը: Խնդրանքը հետևյալն է՝ ես իրեն օգնում եմ այս հարցով, քանի որ դա, իր ասելով, իրականություն է, ու հորս բաց են թողնելու պայմանական վաղաժամեկտով, որը չի կատարվել:
Հարցին՝ գործի այդ մասնակիցն ի՞նչ հնարավորություն ուներ ազդելու գործի վրա, Սողոմոնյանը չպատասխանեց: Նշենք, որ նրա հայրն այս գործի բացահայտումից 6 ամիս անց պայմանական վաղակետ ազատ է արձակվել: Հաջորդ նիստին կհարցաքննվի արդեն Սողոմոնյանի հայրը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան