«Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանը կրկին չընտվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Ընդդիմադիր խմբակցությունն արդեն երկրորդ անգամ է այդ պաշտոնի համար առաջադրում Արթուր Ղազինյանին: Ընդդիմադիր պատգամավորի թեկնածությանը դեմ քվեարկողները հանձնաժողովի իշխանական անդամներն էին և, ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ Ղազինյանին հարցեր ունեին:
«Քաղաքացիական պայմանագրից» Քրիստինե Պողոսյանը Ղազինյանի թեկնածությունը ներկայացրած Արծվիկ Մինասյանին հարցրեց՝ կիսո՞ւմ է Ղազինյանի նախկինում հայտնած այն դիրքորոշումը, որ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը դուրս թողնելով Ղարաբաղը բանակցությունների փուլից՝ գործել է պետական դավաճանություն: Արծվիկ Մինասյանը, պարզվեց, տեղյակ չէ՝ իրենց առաջադրած թեկնածուն նման բան ասե՞լ է, թե՞ ոչ, բայց շեշտեց՝ այդ տեսակետը չի կիսում: Իշխանությունից Վահագն Ալեքսանյանն էլ հիշեցրեց Ղազինյանի՝ վարչապետ Փաշինյանի մասին նախկինում հնչեցրած հիացական խոսքերը, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Արցախը բանակցային սեղան վերադարձնելուց:
Թեկնածուի ելույթից հետո արդեն նրան առաջինը հարց ուղղեց հանձնաժողովի նախագահը: Անդրանիկ Քոչարյանի ձեռքին Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումն է վարչապետի՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում արված լուսանկարով: Ղազինյանը հայտարարեց՝ իր գնահատականը չի փոխվել, իսկ ինչ վերաբերում է Քոչարյանի՝ Եռաբլուր կատարած այցերին, ապա ինքն ասաց՝ այդ այցերին չի հետևել:
Ելույթների փուլում արդեն իշխանականները հայտարարեցին՝ իրենց գնահատմամբ՝ Արթուր Ղազինյանի մասնագիտական գիտելիքները բավարար չեն Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար: «Պատիվ ունեմից» Տիգրան Աբրահամյանն առաջարկեց ավարտել այս հարցի քննարկումը և անցել բովանդակային հարցերի քննարկմանը:
Նիստից հետո Արթուր Ղազինյանը նշեց, որ խմբակցությունը կրկին առաջադրելու է իր թեկնածությունը: Մշտական հանձնաժողովներից սա միակն է, որի փոխնախագահի ընտրությունը դեռ չի հաջողվում իրականացնել: