ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Հիշեցնենք՝ նախորդ նիստին Ղազինյանը չէր ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Հարցուպատասխանից, ելույթներից հետո ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հայտնել էին, որ դեմ են Ղազինյանի սկզբունքներին ու դիրքորոշումներին, հետևաբար դեմ էին քվեարկել նրա թեկնածությանը:
Այս անգամ ևս իշխանական պատգամավորների դիրքորոշումը նույնն էր:
«Ես կարծում եմ, որ ձեր մասնագիտական ունակությունները և անցած փորձը չի բավարարում պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի համար: Ես Ձեզ դեմ եմ քվեարկելու»,- ասաց հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը:
«Ինձ համար կարևոր է արագ ավարտել այս գործընթացը, որ հնարավորություն ունենանք վերադառնալ այն իրական օրակարգին, ինչը կա մեր առաջ»,- նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:
Արթուր Ղազինյանն արդեն 2-րդ անգամ չստացավ բավարար ձայներ ու չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Դոնթի բանաձևի համաձայն` ընդդիմադիր խմբակցությանը տրվում է 5-օրյա ժամկետ նոր թեկնածու առաջադրելու համար:
Հանձնաժողովականները հաստատեցին նաև ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության 2021-2022թթ. ժամանակացույցը: