Այսօրվանից գործում է Հայաստան մուտք գործող երեխաների թեստավորման նոր կարգը: Եթե մինչև սեպտեմբերի 6-ն առանց թեստավորման երկիր կարող էին մուտք գործել միայն մինչև 1 տարեկան երեխաները, ապա սեպտեմբերի 6-ից տարիքային շեմը բարձրացվել է մինչև...
Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - 6 տարեկան, 11 ամսական, 22 օրական:
Հայաստանը շարունակում է կարմիր գոտում մնալ: Համաճարակային իրավիճակը երկրում լարված է: Դեպքերի աճ է արձանագրվում թե՛ Երևանում, թե՛ մարզերում, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում աճը կտրուկ է:
Ռոմելլա Աբովյան - Ունենք աճ՝ դրական թեստերի ընդհանուր մասնաբաժնի ընդհանուր թեստավորվածների մեջ: Արդեն այդ թիվը կազմում է 8 տոկոս: Բոլոր տարիքային խմբերում ունենք դեպքերի թվի աճ՝ 0-18 տարեկանները ներառյալ:
Հոկտեմբերից բոլոր գործատուները աշխատակիցներից պետք է պահանջեն կամ պատվաստված լինելու մասին փաստաթուղթ կամ ամիսը երկու անգամ թեստավորվել և բացասական արդյունք ներկայացնել: Սա այսուհետև աշխատանքի իրավունքի պայման է լինելու: Բազմաթիվ արձագանքներին, թե սա սոցիալական բեռ է լինելու նրանց համար, ովքեր դեմ են պատվաստմանը և ստիպված անընդհատ թեստավորվելու են, Ռոմելլա Աբովյանն արձագանքում է:
Ռոմելլա Աբովյան - Եթե խոսում ենք սոցիալական բեռի մասին, էդ դեպքում եկեք խոսենք տնտեսական, առողջապահական և սոցիալական բեռի մասին՝ երկրի վրա: Այլևս անհնարին է, նորից հիվանդանոցներ են բացվում, նորից ավելանում է թե՛ առողջապահական բեռը, թե՛ սոցիալական բեռը, թե՛ տնտեսական բեռը: Եկեք խոսենք էն տնտեսական բեռի մասին, որ տվյալ կազմակերպությունը չպատվաստված և թեստավորում չանցած աշխատակիցների շնորհիվ կարող է շատ հանգիստ փակվել, քանի որ կունենանք բռնկում, և այդ կազմակերպությունը կփակվի: Բա մյուս սոցիալական բեռը. որ աշխատողը աշխատավարձ չի ստանա և այլն:
Ի դեպ, եթե որևէ կազմակերպության աշխատակիցն անչափահաս է՝ գործատուն իրավունք չունի նրան պատվաստվելու կամ թեստավորվելու ընտրության առաջ կանգնեցնելու քանի որ Հայաստանում չկան անչափահասների համար նախատեսված պատվաստանյութեր, ինչպես նաև նրանց պատվաստման հետ կապված կարգավորումներ կամ պահանջ: