Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում՝ առավելապես հայտնի որպես «Ֆիզգորոդոկ», շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական դիրքի չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով:
Քրեական գործը 2021 թ. օգոստոսի 30-ին հարուցվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում՝ մի քանի անձանց ներկայացրած հաղորդման հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, և նախաքննությունն արդեն իսկ սկսվել է:
«Դատախազությունը կապահովի գործով հետևողական և պատշաճ դատավարական հսկողություն՝ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու, դրա շրջանակներում բոլոր հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»,- գրել է Գոռ Աբրահամյանը:
Ալիխանյան 6-ի 1 հասցեում շինաշխատանքներն այժմ դադարեցված են։ Բնակիչներն ակնկալում են, որ դատախազությունը կկասեցնի շինարարությունը մինչև գործի քննության ավարտը:
«Ֆիզգորոդոկում» 45 մետր երկարությամբ 12 հարկանի բնակելի նոր շենք է նախատեսվում կառուցել: Օգոստոսի 23-ից բնակիչները, ինչպես շինհրապարակում, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի դիմաց, տարբեր ակցիաներ են կազմակերպել:
Կառուցապատող «Ռադկո» ընկերությանը շինթույլտվություն հուլիսի 29-ին քաղաքային իշխանությունն է տվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառուցապատողը ավելի քան 15 տարի է՝ ունի սեփականության իրավունք:
Ընկերությունը մտադիր է նվազագույնը 5 միլիոն դոլարի ներդրում կատարել: