Սեպտեմբերի 6-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետն իր գոհունակությունն է հայտնել ԵԱԶԲ-ի հետ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Նա նշել է, որ ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի փոխգործակցությունը լավ հիմք է ապագայի ծրագրերը միասնաբար և հաջողությամբ իրականացնելու համար։
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի համատեղ աշխատանքն ու ներդրած ջանքերը հաջող հեռանկարներ են բացում տնտեսության զարգացման համար։
Նա հավելել է, որ ԵԱԶԲ-ը հետաքրքրված է առաջիկա 5 տարիներին Հայաստանի պորտֆելն էականորեն ավելացնելու հարցում՝ լրջորեն դիտարկելով տնտեսական ներդրումների հնարավորությունները։
Կողմերը քննարկել են Հայաստանում տնտեսական զարգացման ուղղությունները՝ անդրադառնալով կոնկրետ ոլորտային ծրագրերին։ Անդրադարձ է կատարվել թվային ոլորտի, ֆինանսական շուկայի, ենթակառուցվածքների, այդ թվում՝ ճանապարհաշինության, երկաթուղային կարողությունների թարմացման ու զարգացման հեռանկարներին։ Որպես հայ-ռուսական պլատֆորմային գործակցության առաջին և հաջող օրինակ՝ մատնանշվել է «Путешествую без Covid-19» հավելվածի ստեղծումը, գործարկումն ու ընդլայնումը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի համագործակցության նոր ուղիները, դրանցում պետություն-մասնավոր ձևաչափի օգտագործման հնարավորությունը: