Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը, Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնը հայտարարել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ Sputnik Light մեկ բաղադրիչով պատվաստանյութի գրանցման մասին:
Sputnik Light մեկ բաղադրիչով պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 79.4%, ինչը հիմնվել է 2020 թվականի դեկտեմբերի 5-ից ապրիլ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային պատվաստումների տվյալների վրա:
Ի դեպ, Հայաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Sputnik Light մեկ բաղադրիչով պատվաստանյութին՝ հայտնում է Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամը: «Պատվաստանյութը հնարավորություն է տալիս սահմանափակել կորոնավիրուսի տարածումը և արագացնել կոլեկտիվ իմունիտետի ստեղծումը»՝ ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Sputnik Light-ը համարվում է կորոնավիրուսային վարակի դեմ Sputnik V պատվաստանյութի առաջին բաղադրիչը: Sputnik V-ն, ստանալով Ռուսաստանի առողջապահության նախարարության գրանցման վկայականը, դարձավ աշխարհում SARS CoV-2-ի դեմ առաջին գրանցված պատվաստանյութը:
Sputnik V պատվաստանյութը հիմնված է մարդու անվտանգ և լավ ուսումնասիրված ադենովիրուսային վեկտորի հարթակի վրա: Մարդկային ադենովիրուսի վրա հիմնված երկու տարբեր տեսակի վեկտորների օգտագործումը յուրահատուկ մոտեցում է իմունային հակազդումը բարձրացնելու և երկարաժամկետ անձեռնմխելիություն ձևավորելու համար:
Sputnik V պատվաստանյութն ունի 91.6% արդյունավետություն, 3,8 միլիոն պատվաստված ռուսաստանցիների մոտ Sputnik V պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 97,6%: Պատվաստանյութը ապահովում է ամբողջական պաշտպանություն կորոնավիրուսային հիվանդության ծանր դեպքերից:
Sputnik V պատվաստանյութը հաստատված է 70 երկրում, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է 4 միլիարդ մարդ, ինչը կազմում է աշխարհի բնակչության ավելի քան 50%-ը: Արտասահմանյան շուկաներ մատակարարումների համար ռուսական պատվաստանյութը կարտադրվի Հնդկաստանում, Բրազիլիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում և այլ երկրներում: