2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն հավաքել է 984 մլրդ դրամ հարկեր և տուրքեր: Այս ցուցանիշը 11 տոկոսով ավելի է 2020-ի և 5 տոկոսով՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս ընթացքում բիզնեսին վերադարձվել է 122 մլրդ դրամ, ինչը 2019-ի համեմատ ավելի է 57, 2020-ի համեմատ՝ 38 տոկոսով:
2021 թվականի պետական բյուջեի վերանայված նախագծով նախատեսվում է հավաքել 1 տրլն 524 մլրդ դրամ, և պետական եկամուտների կոմիտեի կանխատեսմամբ՝ հնարավոր է՝ անգամ գերակատարվի: 8 ամսվա ընթացքում էականորեն աճել է նաև շրջանառությունը:
Կարեն Թամազյան (ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ) - 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին մեր հաշվարկային փաստաթղթերով, որոնք հարկ վճարողները դուրս են գրում, այդ թվում՝ ՀԴՄ կտրոններով շրջանառությունը, կազմել է 2021 թվականի հունվար-օգոստոսին՝ շուրջ 5 տրլն դրամ, որը նախորդ տարվա, ինչպես նաև 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 26 տոկոսով:
Հարկային եկամուտների աճի վրա ազդել են մի շարք գործոններ, որոնցից տնտեսագետները առանձնացնում են երեքը:
Արտակ Մանուկյան (տնտեսագետ) - Առաջինը գնաճն է, որն ըստ էության, ներկա պահին, գտնվում է կառավարելի, բայց, այնուհանդերձ, որոշակի շեմի վրա: Երկրորդը դա տնտեսական աճն է, որովհետև գաղտնիք չէ, որ տնտեսական աճը ևս գեներացնում է հարկային եկամուտներ: Եվ երրորդը օրենսդրական փոփոխություններն են:
ՊԵԿ-ում ևս 3 գործոն են առանձնացնում, որոնք ազդել են հարկային եկամուտների աճի վրա:
Կարեն Թամազյան - Այստեղ կարևոր է հարկային վարչարարությունը, որն ինտենսիվ տարվել է, և այդ ցուցանիշների աճի տեմպերն են և ստվերից դուրս եկած հարկ վճարողների կարգապահությունն է:
Պլանավորվածի համեմատ հարկային եկամուտներն ավելի դրական սցենարով են աճում:
Արտակ Մանուկյան - Որովհետև, տեսեք, հիմա մենք խոսում ենք հունվար-օգոստոսի մասին, որն արդեն իսկ վերանայված ցուցանիշները՝ հունվար-սեպտեմբերի նկատմամբ, դրա 95 տոկոսն է, և ակնհայտ է, որ հունվար-սեպտեմբերի ցուցանիշը ևս կգերակատարվի:
ՊԵԿ-բիզնես հարաբերությունների առումով ևս դրական փոփոխություններ կան՝ նշում է կառույցի ներկայացուցիչն ու ընդգծում՝ ստվերի մակարդակը կոմիտեի վարչարարության արդյունքում նվազում է:
Կարեն Թամազյան - Միանշանակ, մենք գնում ենք լավարկման բիզնեսի հետ շփման և փորձում ենք ՊԵԿ գործառույթների շրջանակներում բիզնեսի խնդիրներին արձագանքել շատ օպերատիվորեն:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ ՊեԿ-բիզնես գործակցության մեկ այլ օրինակ է բերում՝ Հարկային մարմինների որոշումներն այլևս անառարկելի չեն, և հաճախ դրանք փոփոխվում են հօգուտ տնտեսվարողի:
Արտակ Մանուկյան - Եթե դուք, օրինակ, ուսումնասիրեք բողոքարկման հանձնաժողովի դիմումների թիվը, և ինչքան դեպք է, երբ որ դրանք բավարարվում են, ակնհայտ է, որ որակական որոշակի դրական աճ կա: Այսինքն՝ ՊԵԿ-ը երբեմն նույնիսկ ինքը այս բողոքարկման կոմիտեի որոշումներում կամ գանգատարկման գործընթացներում ընդունում է, որ որոշակիորեն մեղավորություն կա, և դրա արդյունքում նաև բիզնեսի շահերը ըստ էության չեն ոտնահարվում:
2021 թվականի բյուջեի ցուցանիշները, դրական սցենարից ելնելով, 2 անգամ վերանայվել են մոտ 84 մլրդ դրամով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան