Այս անհավանական կադրերը մեր էկրաններ են հասել հայկական Picsart հավելվածից: Նկարներն ու վիդեոները խմբագրող Պիքսարտը վերջերս նաև անհավանական թվացող ներդրումներ բերեց՝ 130 միլիոն դոլար, ու դարձավ տեխնոկյանքում հայտնի տերմինով՝ Unicorn՝ միաեղջյուր, այսինքն՝ ընկերության արժեքը գնահատվեց մեկ միլիարդ դոլար:
Հայաստանում մեկ միլիարդ դոլար արժողությամբ առաջին ընկերության համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը հիշում է՝ դեռ 2011-ին իր նախկին դասախոսի՝ Հովհաննես Ավոյանի հետ հիմնեց պիքսելներն արվեստ դարձնող հավելվածը:
Այն ժամանակ դեռ 10 հոգանոց թիմով էին: Առաջին ներդրողները Google-ի, Apple-ի, YouTube-ի ու տեխնոլոգիական աշխարհի մեգահսկա ընկերությունների գործընկերներն էին:
Արտավազդ Մեհրաբյան (Picsart ընկերության համահիմնադիր) - Առաջինը եղել է աշխարհի ամենահայտնի Sequoia ներդրումային ֆիրմաներից մեկի կողմից, երևի թե բոլոր անունները, որ գիտեք, իրենց հիմքում եղել է: Իրենք տեսան մեր ապագան, մենք էլ գնահատեցինք գլոբալ աշխարհ դուրս գալու հնարավորությունը: Իսկ վերջին ներդրումը SoftBank-ն է, աշխարհի ամենահայտնի և հնարավորություններով լի ինվեստիցիոն ֆոնդն է:
Աշխարհում ամեն ամիս 150 միլիոնից ավելի մարդ օգտագործում է հայկական PicsArt-ը։ Միայն նկարներ ու վիդեոներ ստեղծելու, խմբագրելու գործառույթով չեն սահմանափակվել, PicsArt-ը նաև սոցիալական ցանց է:
Արտավազդ Մեհրաբյան - Մենք սկսել ենք մոբայլի վրա, երբ որ մոբայլը էն իրա ակունքներն էր ու չկար մեկը, որ հարցնեիր, ոչ խորհուրդ տվող կար, ոչ աշխատող կար պրոֆեսիոնալ, որ գործի ընդունեիր, օգներ, բազմաթիվ առումներով էդ առումով առաջինն ենք եղել:
Հիմա արդեն Հայաստանում ստեղծված Picsart-ն առաջիններից է, որ աննախադեպ միլիարդ դոլարանոց ընկերության հասցե դարձավ: Հարյուրավոր միլիոնների ներդրումներով ասում են՝ կզարգացնեն արհեստական բանականության տեխնոլոգիաները, նաև կընդլայնեն աշխարհի տարբեր ծայրերի գրասենյակները:
Արտավազդ Մեհրաբյան - Մոտակա 2 ամսում աշխատակիցների շեմը հազարը կանցնենք ամբողջ աշխարհում: Հայաստանում երևի եթե չեմ սխալվում 750-ին ենք հասնում:
Աշխարհի տարբեր ծայրերում գործող հայկական ընկերությունը միայն այս տարի 4 երկրում նոր գրասենյակներ է բացել: Իրենցից հետո մյուս մեկ միլիարդ արժողությամբ ընկերությունը Հայաստանում որ՛ը կլինի՝ ընկերության համահիմնադիրը դժվարանում է ասել, բայց լավատես է.
Այս ամենը ստեղծող թիմում նաև միշտ նոր մասնագետների են պատրաստում:
Միքայել Վարդանյան (Picsart ընկերության այաստանյան գրասենյակի տնօրեն) - Դասընթացներ շատ ունենք, դա անընդհատ պրոցես է, Picsart ակադեմիան է գործում, որն զբաղվում է դասընթացների կազմակերպմամբ: Սկսած էնջինեյրինգից մինչև օփըրեյշն սըփորթով և այլն:
30-ից ավելի լեզվով PicsArt-ը հասանելի է iOS, Android համակարգերում, նաև վեբ տարբերակով։
Հայաստանյան գրասենյակի տնօրենը ցույց է տալիս նոր գործիքը, որով օգնում են ընկերություններին լոգոներ ու պաստառներ պատրաստել:
Միքայել Վարդանյան - Սա մեր վերջին պրոդուկտներից է, նախորդ տարի ենք սկսել աշխատել վեբ պրոդուկտի վրա: Նույն առավելությունները, ինչ ունեք վեբ պրոդուկտի վրա, կարող եք ստանալ վեբով: Հիմնականում բիզնես օգտատերերի համար է:
Արտավազդ Մեհրաբյան - Մեկ-մեկ հարցնում են՝ չեք հոգնե՞լ. մենք ասում ենք՝ չենք հագենում, որովհետև ամեն տարի նորից ես բացահայտում, նորից ես սովորում ու հասկանում ես՝ ինչքան սխալ էիր անում դրանից առաջ:
Սխալներից սովորող ու բաց, առանց դռների տարածքով գրասենյակում նկարներ ստեղծող ու նկարներն ավելի լավը դարձնող Pixart-ում նոր աշխատակիցների կարիք շատ ունեն: