Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրովը, ամենայն հավանականությամբ, մանկապղծության շեղումներ է ունեցել: Նման եզրահանգումն արվել է նրա դեմ հետմահու հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված փորձաքննության ժամանակ:
Եվս մեկ փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Միխայիլ Խաչատուրովի դուստրերը հորից խիստ կախվածության մեջ են եղել, հետևաբար՝ մինչև վերջ հանդուրժել են բռնությունները:
Նշանակված երեք փորձաքննություններից երկուսի արդյունքներն արդեն հրապարակվել են: Ուսումնասիրվել են բժշկական փաստաթղթերը, հարցաքննվել են այն բուժհաստատության ամբողջ բուժանձնակազմը, որտեղ Միխայիլ Խաչատուրովը բուժում է ստացել, հարազատները, դուստրերի ընկերները, հարևանները:
Պարզվել է, որ Միխայիլ Խաչատուրովը շրջապատին մանիպուլյացիայի է ենթարկել սպառնալիքի, բռնության, դաժանության, վիրավորանքի, նվաստացման, ինչպես նաև ֆիզիկական ու սեռական բռնության միջոցով: Փորձագետները Միխայիլ Խաչատուրովի մոտ սեռական ցանկությունների խանգարում են բացահայտել: Արձանագրվել է նաև խանգարման տեսակը՝ մանկապղծություն: