Թանգարանային և պատմամշակութային 9383 արժեք է պահվում ու ցուցադրվում Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում: Դրանք այցելուներին ներկայացնում են Սևանի ավազանի պատմությունը՝ սկսած մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև մեր օրերը: Թանգարանի ամենամեծ հավաքածուն տարբեր դարաշրջաններով թվագրվող խեցեղենն է:
Թանգարանում ցուցադրվող պատմական հնագույն ցուցանմուշը Գավառ քաղաքի անձնագիրը հանդիսացող սեպագիր արձանագրությունն է, որը հայտնաբերվել է 1927 թվականին:
Արտաշես Ա Բարեպաշտ արքայի հողային բարեփոխումների մասին վկայող մի քանի պահպանված սահմանաքարերից երկուսը Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում են: Դրանք հետաքրքիր են հատկապես պատմական այդ ժամանակաշրջանն ուսումնասիրող աշակերտների համար:
Հարուստ հավաքածուով ներկայացված են նաև Նոր Բայազետի՝ այժմյան Գավառի գորգագործական ու կարպետագործական ավանդույթները: Թանգարանում մշտական ցուցադրության են մաս են կազմում նաև տարածաշրջանի անվանի մարդկանց անձնական իրերը, նրանց թողած ժառանգության նմուշները: Թանգարանային կյանքն աշխուժացնելու և առավել մեծ թվով այցելուների համար գրավիչ լինելու նպատակով այստեղ կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, բացվում են ժամանակավոր ցուցադրություններ: Կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով անցյալ տարի թանգարան այցելածների թիվը կտրուկ նվազել է: Նախկինում տարեկան մոտ 4000 մարդ էր այցելում թանգարան, բայց այս տարվա օգոստոսի դրությամբ թանգարանն ունեցել է 1600 այցելու:
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան