ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 4-ն ԱԻ նախարարության աշխատողի օրն է։ Մոտ 30 տարվա պատմություն ունեցող ամենամարդասիրական այս կառույցում այսօր աշխատում են 4000-ից ավելի փրկարար ծառայողներ և քաղաքացիական աշխատակիցներ։
Նրանց հերոսական, անձնվեր և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ մենք այսօր ունենք ազգաբնակչության վստահությունը վայելող և միջազգային մասնագիտական հանրության կողմից ընդունված, կայացած կառույց։
911-ն իրավամբ դարձել է փրկության հեռախոսահամար, և դրա վառ ապացույցն այն է, որ մեկ տարվա ընթացքում ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սպասարկվել է 1,5 մլն հեռախոսազանգ, ինչը նշանակում է, որ մեր երկրի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին դիմել է ԱԻՆ։
Սա արդյունքն է սեփական կյանքը վտանգելով կյանքեր փրկելու պատրաստակամության և շուրջօրյա նվիրված աշխատանքի։
Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակից, շնորհավոր տոնդ։
Խաղաղություն մեր երկրին, երջանկություն ձեր ընտանիքներն և հաջողություններ ձեզ»,- ասված է շնորհավորական ուղերձում: