Սեպտեմբերի 2-ից նշվող Մոսկվայի 874-ամյակի տոնակատարությունները Երևանում շարունակվում են: «Մոսկվայի տան» կազմակերպած տարատեսակ միջոցառումներից հերթականը Ռուսական արվեստի թանգարանում կազմակերպված ցուցահանդեսն է:
Սվետլանա Սահակյան, Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի ծրագրերի համակարգող - Քանի որ թանգարանը հարուստ է մեծ հավաքածուով, որտեղ ներկայացված են մոսկովյան նկարիչները, որոշեցինք, որ մեր ցուցահանդեսը հենց այդպես էլ կոչվելու է:
Ցուցահանդեսին կից՝ մեկ այլ սրահում էլ ներկայացված են պետերբուրգցի նկարիչների աշխատանքները: Արվեստասերներն այդտեղ կարող են գտնել նաև նախկինում չցուցադրված նմուշներ:
Սվետլանա Սահակյան - Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանի հանրությանը ևս մեկ անգամ ոչ միայն հիշեցնել, որ մենք ունենք ռուսական արվեստի թանգարան, որը բավականին հետաքրքիր հավաքածու ունի, այլև շեշտել, որ այս թանգարանում կան գնահատանքի արժանի գործեր, ու ներկայացված են մոսկովյան և լենինգրադյան դպրոցի ռուս նկարիչները:
Այցելուների համար կազմակերպված շրջայցին և այլ միջոցառումներին մասնակցելու համար Ռուսաստանից Հայաստան է ժամանել երգչուհի Յուլիան: Ասում է՝ կարճ ժամանակում արդեն տպավորվել է Հայաստանով:
Յուլիա Մարինովա - Այսպիսի բնություն, այսպիսի շենքեր երբևէ չեմ տեսել: Իմ ճամփորդությունն այստեղ միայն նոր է սկսվում: «Մոսկվայի տունը» կազմակերպել է մեծ մշակութային միջոցառում, այդ պատճառով՝ հուսով եմ, որ կկարողանամ տեսնել որքան հնարավոր է շատ բան:
Թեև այստեղ առաջին անգամ է և Հայաստանում ապրող ընկերներ չունի, բայց ունի նախընտրած հայ կոմպոզիտոր:
Յուլիա Մարինովա - Ինձ շատ են դուր գալիս Արամ Խաչատրյանի դաշնամուրային, սիմֆոնիկ ստեղծագործությունները: Դա այն երաժշտությունն է, որն իրոք ստիպում է այլ կերպ մտածել և շատ բան փոխել գլխում:
Հենց Արամ Խաչատրյանի համերգասրահում էլ տեղի ունեցավ Ռուսաստանի մայրաքաղաքի օրվան նվիրված տոնական մեծ համերգը, սակայն մեկ այլ մաեստրոյի՝ Առնո Բաբաջանյանի երգերով:
Վահրամ Կարապետյան, Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն - Բաբաջանյանը բազմաթիվ երգեր է նվիրել Մոսկվային: Չեմ կարծում, որ կգտնվեն շատ մարդիկ, որոնք այդպես կսիրեին Մոսկվան և կգրեին Մոսկվայի մասին: Այդ պատճառով` այսօր կհնչեն այդ և նրա այլ սիրված երգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արա Խզմալյանը նշեց՝ հայկական և ռուսական մշակույթը երկու երկրին կապող կարևոր օղակներից մեկն է:
Արա Խզմալյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր կրթված հայ ինչ-որ իմաստով իր մշակութային կողմնորոշմամբ նայում է դեպի ռուսական մշակույթը, որովհետև այն անսահման և անընդգրկելի մշակույթ է: Այնպես որ, մենք միշտ նայում ենք դեպի ռուսական մշակույթ, մենք կողմնորոշվում ենք ռուսական մշակույթով:
Տոնական մեծ համերգի ընթացքում մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրեց Բաբաջանյանի հայտնի ու սիրված ստեղծագործությունները, որոնք կատարող երգիչներին հաճախ ձայնակցում էին դահլիճից: Մոսկվայի 874-ամյակին նվիրված միջոցառումները կեզրափակվեն սեպտեմբերի 9-ին՝ ռուսական ժամանակակից ֆիլմերի ցուցադրությամբ: