2021 թ․ սեպտեմբերի 2-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թ. նոյեմբերի 21-ի N1667-Ն և 2020 թ. սեպտեմբերի 29-ի N1603-Ն որոշումներում փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշումը, հիշեցնում են շրջակա միջավայրի նախարարությունից։
Սույն որոշմամբ 2021 թ. համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացվեց ևս 50 տոննայով, և որսի իրականացման ժամկետը երկարաձգվեց մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:
«Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգի համաձայն՝
ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40 մմ և ավելի ցանցավանդակի կառուցողական քայլ ունեցող դնովի ցանցերով.
ափից առնվազն 500 մ հեռավորությամբ՝ մանրաձկան որսը բացառելու համար, որսը իրականացվելու է մինչև հոկտեմբերի 15-ը.
դեկտեմբեր-հունվար ամիսներին սահմանվելու է խիստ հսկողության ռեժիմ՝ ձկների ձվադրման գործընթացն ապահովելու համար.
ձկնորսական լողամիջոցները լիճ մուտք և ելք են կատարելու դրանց համար հատուկ առանձնացված տեղամասերից.
որսը կազմակերպվելու է համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված ժամային գրաֆիկի.
մուտքի և ելքի տեղամասերում հսկողություն իրականացնող տեսուչը համապատասխան մատյանում լրացնելու է տվյալ օրը լիճ մուտք գործած լողամիջոցի, ձկնորսի տվյալները,
մուտքի և ելքի ժամը, ստուգելու է որսագործիքները, որսն ավարտելուց հետո գրանցելու է որսված ձկան քանակությունը։
Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները կարող են մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ և դրա մասնաճյուղեր: