Հայաստանի պահանջով ձերբակալվել է ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպան Միլե Միլենկովսկին: Տեղեկատվությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Ձերբակալված փոխդեսպանը հանցավոր խմբից է: Նրանք ապօրինի կերպով Հայաստանից դուրս են հանել «Հյուսիս-հարավի» գործով որպես մեղադրյալ ներգրավված Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացուն: Այս դրվագով «Զվարթնոց» սահմանային բաժնի ավագ հսկիչի և Հյուսիսային Մակեդոնիայի մեկ այլ քաղաքացու վերաբերյալ գործը դեռ անցած տարի անջատվել է և ուղարկվել դատարան։ Մյուսների նկատմամբ հայտարարվել է հետախուզւմ:
Ըստ դատախազության՝ բացի փոխդեսպան Միլե Միլենկովսկիից, հանցավոր խմբի կազմում են եղել և այժմ հետախուզվում են նաև Բուլղարիայի և Ուկրաինայի քաղաքացիներ: Այս խումբը Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացուն Հայաստանից դուրս բերելու համար օգտագործել է նույն երկրի մեկ այլ քաղաքացու անձնագիր և որպես փախուստի օր ընտրել է 2019-ի հոկտեմբերի 1-ը, երբ Հայաստանում ԵԱՏՄ գագաթնաժողով էր անցկացվում և «Զվարթնոց» օդանավակայանում էին տարբեր երկրների պատվիրակություններ:
«Հյուսիս-հարավի» գործով ներգրավված այդ անձը, ում փախուստը նման հանցավոր սխեմայով իրականացրել են, թե որ կազմակերպության ներկայացուցիչ է, դատախազությունը չի հրապարակում:
Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ-ն փոխդեսպանի ձերբակալության փաստն արդեն հաստատել է, իսկ Հայաստանի սահմանն ապօրինի հատած քաղաքացին դեռ հետախուզվում է: