ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի քաղաքացիների դեմ, Թեհրանը նորից քննադատել է դրանք: Պատժամիջոցները վերաբերում են ԱՄՆ տարածքում բնակվող իրանցի լրագրող Մասիհ Ալինեժադի առևանգման փորձին առնչություն ունեցող հատուկ ծառայությունների չորս աշխատակիցների: ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արգելել է որևէ տեսակի դրամական փոխանցումները պատժամիջոցների ենթարկված անձանց և ԱՄՆ քաղաքացիների միջև, Միացյալ Նահանգներում նրանց պատկանող ունեցվածքի հայտնաբերման դեպքում այն արգելանքի տակ կհայտնվի` հաղորդում է Reuters գործակալությունը։ Թեհրանը, սակայն, առևանգված լրագրող Ալինեժադի ձախողված առևանգման մասին պատմությունը կեղծիք է անվանում՝ այն որակելով «հոլիվուդյան սցենար» ։
*****
Վրաստանում շարունակում է կտրուկ աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը, բայց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառել է երկրում նոր լոքդաունի հաստատումը։ «Նոր լոքդաուն նախաձեռնելուց ավելի հեշտ բան չկա, դա կարելի է անել մեկ ժամում։ Դա, սակայն, ելք չէ։ Մենք ավելի քան երեք միլիոն դեղաչափ պատվաստանյութ ենք ներմուծել։ Ընտրությունն այժմ Վրաստանի ժողովրդինն է։ Հարկավոր է պարտադիր պատվաստվել և պարտադիր դիմակ կիրառել։ Լիակատար լոքդաունը բացառվում է, սակայն տեղային սահմանափակումներ կարող են լինել»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։ Համավարակի պատճառով Ղարիբաշվիլին տնտեսական ակտիվությունը սահմանափակել նույնպես չի պատրաստվում: Տնտեսության վերագործարկման շնորհիվ, ըստ վարչապետի, երկրում երկնիշ տնտեսական աճ է գրանցվել:
*****
Միջազգային հանրությունը կոչ է անում համակերպվել Աֆղանստանում ստեղծված նոր իրողություններին հետ և աշխատել «Թալիբանի» հետ: Այդ կարծիքին է նաև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը։ Պակիստան այցի ընթացքում նա մեկնել է նաև աֆղանապակիստանյան սահման։ «Մենք կենտրոնանում ենք Աֆղանստանում ստեղծված նոր իրողություններին համակերպվելու ուղղությամբ։ Բացի այդ, մեզ համար այժմ երկու առաջնահերթություն գոյություն ունի։ Առաջինը՝ այս պահին Աֆղանստանում գտնվող Մեծ Բրիտանիայի քաղաքացիների և այն աֆղանցիների տարհանումն է, որոնք աշխատել են բրիտանացիների հետ։ Մյուս առաջնահերությունն Աֆղանստանի խնդրում համապարփակ միջազգային ռազմավարության մշակումն է»,- հայտարարել էր Ռաաբը:
*****
«Թալիբան» շարժման զինյալները պնդում են, որ կարողացել են գրավել Աֆղանստանի նախկին իշխանության վերահսկողության տակ գտնվող վերջին շրջանի՝ Փանջշերի հովտի զգալի մասը։ Թալիբների ներկայացուցչի խոսքով՝ վերջին երկու օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում թալիբներին հաջողվել է վերահսկողություն հաստատել ռազմավարական կարևորություն ունեցող Հինջի շրջանի, նաև Աննաբա, Շոթոլ և Փարյան բնակավայրերի նկատմամբ։ «Թալիբանի» տարածած տեսանյութում հստակ երևում են Փանջշերի ուղղությամբ հարձակմանը մասնակցող տասնյակ զինյալներ, որոնք տեղաշարժվում են ամերիկյան ամենագնաց զրահապատ մեքենաներով: