Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Հարգարժան Անդրանիկ Սուրենի,
Անձամբ իմ և ներքին գործերի նախարարության, ինչպես նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվա կապակցությամբ:
Տարին մեզ համար լի էր բազմաթիվ փորձություններով ու մարտահրավերներով, որոնք հաղթահարեցինք համատեղ՝ միասնական ջանքերով:
Այն հերոսական աշխատանքը, որ Արցախի փրկարարները կատարեցին ՀՀ գործընկերների հետ, արժանի է միայն երախտագիտության ու խոնարհումի:
Ամբողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրավիճակում մենք միշտ զգացել ենք Ձեր անձնական աջակցությունն ու սրտացավությունն Արցախի ժողովրդի հանդեպ:
ՀՀ ԱԻՆ համակարգի և Արցախի ԱԻՊԾ-ի հետ համագործակցությունը կշարունակենք նաև առաջիկայում՝ կյանքի կոչելով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Անցած տարիների համագործակցության արդյունքում մեզ հաջողվել է ստեղծել ուժեղ ու ավելի կայացած փրկարարական ինստիտուտ:
Ցանկությունս մեկն է, որ արժանապատիվ խաղաղություն լինի մեր հայրենիքում և Հայաստանի ու Արցախի համանուն կառույցներն իրենց մարդասիրական գործունեությունն իրականացնեն առանց ռազմական դրության պայմաններում:
Շարունակեք անմնացորդ ծառայել հայրենիքին և ձեր նվիրվածությամբ վայելեք հայ ժողովրդի հարգանքն ու վստահությունը:
Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ և համակարգի բոլոր ծառայողների ընտանիքներին մաղթել ամենայն բարիք: Առանց արտակարգ դրության ու պատահարների՝ անփորձանք ծառայություն»: