Մոտ 15 տարի է արմավիրցիները ծորակից հոսող ջուր չեն խմում: Երեխաներին խանութից գնած ջուր են տալիս, իսկ մեծահասակներն իրենց ծարավը հագեցնում են ցիստեռներից գնած՝ Թալինից կամ Ապարանից բերած ջրով:
Դավիթ Խուդաթյան, Արմավիրի քաղաքապետ - Այս պահին Արմավիրն ունի 24-ժամյա ջրամատակարարում, խորքային հորի ջուր է օգտագործում: Արմավիրցիները քիչ էլ համբերեն՝ ծորակից հոսող մաքուր ջուր կխմեն:
Մի շարք փողոցներում, մասնավորապես` սեփական տների հատվածում, հին ու մաշված ջրագծերը փոխարինում են նորերով: Ծրագրի պատվիրատուն Տարածքային զարգացման հիմնադրամն է, ֆինանսավորողը՝ պետությունը:
Դավիթ Խուդաթյան - Նախատեսում է Արմավիր քաղաքի մոտ 40 տոկոսի ջրամատակարարման ցանցի ամբողջական նորոգում:
Ծրագիրն սկսվել է Աբովյան փողոցից, ներառում է Հանրապետություն, Գորկի և այլ փողոցներ:
Գաբրիել Գաբրիելյան, ընկերության աշխատանքների ղեկավար - Այս փուլով նախատեսված է 800 գծամետր ջրագիծ, երկու ջրագիծ ենք տեղադրելու՝ 110 և 280 մմ-անոց՝ մեկը տրանզիտ, մյուսը՝ բնակիչներին ջուր տալու համար:
Որպեսզի փողոցը մասերի բաժանած փոսն անհարմարություններ չստեղծի և հարևանների միջև անջրպետ չդառնա, կամրջակներ են տեղադրել: Իսկ ջրագծի համար փորել են 1 մետր 20 սմ, որ խորության հաշվին ջուրը սառը լինի: Քաղաքի որոշ թաղամասերում մաքուր ջուրը շուտով իրականություն կդառնա:
Աշխատանքը փոքր ինչ դանդաղեցնում և չնախատեսված ծախսերի առաջ են կանգնեցնում ստորգետնյա չգործող գազատարներն ու վնասված կոյագծերը: Մասնագետների օգնությամբ գազատարն ապամոնտաժում, իսկ մաշված կոյատարերը փոխարինում են նորերով, հետո միայն շարունակում անցկացնել ջրագծերը:
Ծրագիրը պետք է իրականացվեր 2022 թվականին, բայց քանի որ մի շարք թաղամասեր ներառված են հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրում, գործը մեկ տարի շուտ են սկսել:
Մասնակի նորոգել են նաև քաղաքի գլխավոր կոյատարը: Քաղաքապետը հույս ունի՝ այդկերպ մեղմել կոյատարի հաճախակի դարձած խնդիրները: Ծրագրի վերջնաժամկետը 2022 թվականի տարեվերջն է:
Այլ փողոցների ջրագծեր ևս կփոխվեն: Թե որ փողոցներն են և երբ կլինի, դեռ քննարկում են: