Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար սեպտեմբերի 4-ին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Մարտունի Ավետիսյանին, ռազմական գործիչ Արթուր Արտյուշայի Ալեքսանյանին և ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի ռազմաբժշկական բաժնի գլխավոր վիրաբույժ, բժշկական ծառայության գնդապետ Սամվել Սոկրատի Գևորգյանին՝ հանձնելով նրանց «Ոսկե արծիվ» շքանշան:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են՝ երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ ծանր փորձությունից հետո Արցախը գտնվում է ակտիվ վերականգնման շրջանում, և հայրենիքին մատուցած ծառայությունները գնահատելը առաջին հերթին մեր կենսագործունեության շարունակման վառ վկայությունն է: «Մեր օրակարգը չի փոխվել, և այսօր, առավել քան երբևէ, պետք է համախմբենք մեր բոլոր ուժերը և ջանք ու եռանդ չխնայենք մեր արժանապատիվ ապագայի կերտման համար»,- ասել է նախագահ Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի և մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար շքանշաններով և մեդալներով պարգևատրվել են նաև մի խումբ երախտավորներ: