Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը, որը մեկ ամիս առաջ իր բնակարանում հարձակման էր ենթարկվել, օրեր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից:
Արմեն Գալջյան (Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար) - Այո՛, պարոն Անտոնյանը դուրս է գրվել, առողջական վիճակը գնահատվում է կայուն, դրական տեղաշարժ կա, ապաքինվում է:
Անտոնյանն ու իր պապը հարձակման էին ենթարկվել օգոստոսի 1-ի գիշերը՝ դանակով ու մահակով զինված անձանց կողմից. դանակի մի քանի հարված ստացած ավագանու անդամը մի քանի օր վերակենդանացման բաժանմունքում է եղել՝ ծայրահեղ ծանր վիճակում: Նախնական վարկածով՝ կատարվածը կարող է կապ ունենալ ավագանիում Արման Անտոնյանի գործունեության հետ:
Մեկ ամիս անց, սակայն, սպանության փորձի, բնակարան ապօրինի մուտք գործելու համար մեղադրվող անձը դեռ հայտնաբերված չէ:
Արմեն Գալջյան - Մենք կարծում ենք, որ քննությունը կարող է ավելի արագ տեմպերով ընթանալ և ավելի արդյունավետ, որովհետև դեպքից անցել է մեկ ամիս, և այս պահի դրությամբ որևէ մեկը չի հայտնաբերվել և չի կալանավորվել:
Տուժող ճանաչված ավագանու անդամն ու իր պապը հարցաքննվել են:
Վարդան Թադևոսյան (Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար) - Կատարված նախաքննության ընթացքում տուժողներ Ազատ և Արման Անտոնյաններն իրենց ցուցմունքներով հայտնել են, որ իրենց վրա հարձակվել են դիմակավորված անձինք, մեկի ձեռքին եղել է կապույտ գույնի մահակ, երկրորդի ձեռքին՝ դանակ:
Թադևոսյանի խոսքով՝ տուժողների ստացած մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը որոշելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Արման Անտոնյանը ակտիվ զբաղվում է սպորտին վերաբերող խնդիրներով, նա նաև «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա» ՀԿ նախագահն է: Ավագանու արտահերթ նիստերից մեկի ժամանակ հեծանվասպորտին վերաբերող իր նախագիծն էր ընդունվել, ըստ որի Երևանի համայնքային սպորտային 2 կազմակերպություն պիտի միավորվեն, ստեղծվի նոր ընդհանուր ՀՕԱԿ: Այսինքն՝ ավագանին հիմնադրել է Երևանի հեծանվասպորտի մարզադպրոց, ինչը ենթադրում է, որ Yerevan Velodrome կազմակերպությունը կարող է զրկվել բյուջեով ամեն տարի իրենց հատկացվող մոտ 50 միլիոն դրամից։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան