Պատերազմի վերքերից հետո Արցախին ապրելու ժպիտներ է բերում նաև «ժպտացող քաղաքի մայթային Էթիկետը», հուշում՝ անկախ տրամադրությունից փողոցում չեն վիճում, կատակով՝ բարբառով հուշում բարեկրթության նորմերը:
Աննա Բաղդասարյան («Օսըմ Արցախ» հիմնադրամի շահառու) - Նկատել եմ, որ մայրիկները հաճախ գոռում են փողոցում երեխաների վրա, անցորդներին էլ հաճելի չի լինում տեսնել այդ ամենը, և ցուցանակներից մեկն էլ հենց այդ է:
Ստեփանակերտին ժպիտ պարգևող նախաձեռնությունը «Օսըմ Արցախ» հիմնադրամի միջոցներով է իրագործվել: Միացյալ Նահանգներում 2009-ին ստեղծված «Օսըմ» հիմնադրամն այժմ աշխարհի 90-ից ավելի երկրում հետաքրքիր, չկրկնվող, գունեղ ծրագրեր է ֆինանսավորում, երեք տարի՝ արդեն Արցախում:
Անուշ Եդիգարյան («Օսըմ Արցախ» հիմնադրամի հոգաբարձու դեկան) - Բավականին դժվար էր Արցախը գրանցելը, այստեղ պատկանելության հարց կար, բայց հետևողական ու համառ աշխատանքի շնորհիվ հաջողվեց «Օսըմ Արցախ» առանձին մի միավորում:
Դրամաշնորհները տրամադրվում են երկու ամիսը մեկ՝ 1000 դոլար սահմանաչափով. դիմումատուների տարիքային սահմանափակում չկա, կա պայման՝ Արցախում հետաքրքիր, կրեատիվ գաղափարներին ու նախաձեռնություններին նոր շունչ տալ:
Անուշ Եդիգարյան - Մենք՝ որպես Արցախ միավորում, շատ խրախուսում ենք, որ երիտասարդների և ոչ միայն նախաձեռնողականությունը բարձրանա, մենք դրա պակասը տեսնում ենք:
Արցախի սրտում գույների պակաս զգալով՝ Նատելլան 2020-ին էր «Օսըմ Արցախի» հետ հովանոցներ կախել: Հիմա Ստեփանակերտում շարունակում են հով անել պատերազմ տեսած, ապրած հովանոցները:
Նատելլա Դանիելյան («Օսըմ Արցախ» հիմնադրամի շահառու) - Արձագանքը բավական մեծ էր, կարողացանք հաջողության հասնել, տարբեր հյուրեր նկարվում էին:
«Օսըմ Արցախում» օրվա ավարտին վերջին հայտերը կամփոփեն, կանցնեն հայտերի ուսումնասիրմանը: Հնարավոր է՝ բացառություն լինի, սեպտեմբերին արտահերթ ևս մեկ դրամաշնորհ հայտարարեն նոր ուսումնական տարվա համար:
Վերջին հաղթող ծրագիրը դպրոցական է, իրականացնում են Նոր Շեն գյուղում: Աշակերտը դպրոցի զանգը էլեկտրոնային է դարձրել, որ երբեք չլռեն դպրոց կանչող ձայները: