Պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար Արցախում լայն թափով տներ են կառուցվում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Աստղաշեն գյուղի հարևանությամբ նախատեսվում է 210 առանձնատուն կառուցել:
Համլետ Բաբայան (շինարարության պատասխանատու) - 26-ը կառուցվում են՝ տարբեր փուլերում, որից 11-ի տանիքն արդեն պատրաստ է: 5-ում հիմքային աշխատանքներ են կատարվում, 10-ում պատերն ենք կառուցում ու հաջորդաբար անցնում ներսի գործերին:
Այստեղ կապրեն Ասկերանի շրջանի օկուպացված համայնքներից՝ Սղնախից, Ջրաղացներից, Մադաթաշենից և Մոշխմհատից տեղահանված ընտանիքները: Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա և Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղերի բնակիչներն էլ կհաստատվեն Իվանյանում: 80 առանձնատան շինարարությունը ևս ֆինանսավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Առնոլդ Հայրապետյան (շինարարության պատասխանատու) - Որակի հարցում վստահեցնում ենք, նոր շինանյութ ենք օգտագործում, աշխատում ենք ժամանակի մեջ տեղավորվենք, որ մեր տեղահանված բնակիչները գան և իրենց տներում տեղավորվեն:
44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների համար թաղամաս է կառուցվում Հովսեփավանում: 92 տան շինարարությունն իրականացվում է ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանի հովանավորությամբ: Ի դեպ, ամեն ընտանիք ջերմոց կունենա, որ մշտական եկամուտ ապահովի:
Անդրեյ Գաբրիելյան (շինարարության պատասխանատու) - Աշխատանքները հիմնականում տարվում են պատերի վրա, կատարված են 24 հիմքերը, արդեն 0 նիշում ենք: Աշխատանքներ են իրականացվում նաև պատերի վրա: 5 տան պատերի շինարարությունը ընթացքում է:
Տեղահանված բնակիչներին տանիքով ապահովելու խնդիրը նախատեսված է լուծել 3 տարվա ընթացքում: