Հակառակորդին լավ ճանաչելու համար պետք է նրա լեզուն շատ լավ իմանաս: Կենտրոնի բանաձևն է:
Արամ Փոլադյան (ALC կազմակերպության հիմնադիր տնօրեն) - Կարողանաս այդ ամենն օգտագործել իր դեմ:
Հայաստանում առաջին անգամ բացվել է ադրբեջաներեն լեզվի մասնագիտացված կենտրոն: Նախաձեռնությունը 20-ամյա Արամինն է և նրա ավագ ընկեր Աշոտ Մովսիսյանինը: Երիտասարդ ադրբեջանագետն ասում է՝ իրենց հիմնած ALC կենտրոնի նպատակն է լրացնել մեր երկրում ադրբեջաներեն լեզվի ուսուցման բացը:
Արամ Փոլադյան - Սա սկսելուց առաջ դրել ենք հստակ նպատակ՝ զարգացնել բանակը, զարգացնել պետությունը, և սա, ամենայն վստահությամբ, դառնալու է մեր պետության, մեր հասարակության և, ամենակարևորը` մեր անվտանգային ոլորտի զարգացման առհավատչյան:
ALC-ն այս նախաձեռնությունն իրականացնում է Smart Armenia բարեգործական-հասարակական կազմակերպության հետ համատեղ։
Արման Նալբանդյան (Smart Armenia բարեգործական-հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն) - Շատ ուրախ եմ, որ հանդիպեցինք ALC կազմակերպությանը և գտանք լուծումներ, և իրար հետ համագործակցելու, մեր պետության զարգացման համար դա շատ մեծ ներդրում ա լինելու:
Առաջին փուլում նախատեսվում է կենտրոն ընդունել 20 ուսանող, որոնց թվում կլինեն նաև 44-օրյա պատերազմի հետևանքով տուժածներ: Դասընթացը տևելու է 8 ամիս, որից հետո մասնակիցները բավարար չափով կտիրապետեն ադրբեջաներենին։ Այն իրականացվելու է ինչպես առկա, այնպես էլ առցանց տարբերակով, շաբաթական երկու օր՝ 2 ժամ տևողությամբ:
Արման Նալբանդյան - Smart Armenia բարեգործական-հասարակական կազմակերպությունը ALC կազմակերպության հետ դիտարկում ա մի քանի համագործակցության ծրագրեր: Կոնկրետ այս ծրագրով մեր 20 շահառուները ամբողջովին անվճար կանցնեն 8-ամսյա դասընթացներ:
Մի քանի օրից կհրատարակեն այն ձեռնարկը, որով դասավանդելու են ուսանողներին: Երիտասարդ, բայց արդեն շատ ծրագրեր ունեցող Արամ Փոլադյանը վստահեցնում է՝ դասընթացն ավարտելուց հետո բոլորն էլ կկարողանան արագ աշխատանք գտնել տարբեր ոլորտներում՝ ռազմականից մինչև քաղաքացիական:
Հեղինակ՝ Հերմինե Նալբանդյան