ԵՄ-Ն ՄԵՂԱԴՐԵԼ Է ԲԵԼԱՌՈՒՍԻՆ
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մեղադրել է Բելառուսին՝ ԵՄ արևելյան սահմանների վրա արհեստական միգրացիոն ճնշում ստեղծելու համար: Նա ԵՄ երկօրյա գագաթնաժողովի ավարտին նշել է, որ Բրյուսելը կանի ամեն ինչ` Բելառուսին սահմանակից Լեհաստանին, Լիտվային և Լատվիային օգնելու համար։ «Մենք հավելյալ քայլերի կդիմենք, եթե իրավիճակը Բելառուսի հետ սահմանին շարունակի վատթարանալ»,- նշել է եվրոպացի պաշտոնյան։
ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԽՈՉԸՆԴՈՏ ԿԻԵՎԻ ՀԱՄԱՐ
Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտությունը կխանգարի Կիևին՝ ՆԱՏՕ-ի անդամագրման ճանապարհին: Կարծում է Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Անկա Ֆելդհուզեն: «Փաստ է, որ Ուկրաինայի տարածքում առկա է ռազմական հակամարտություն։ ՆԱՏՕ-ի համար մշտապես շատ բարդ է եղել հակամարտություն ունեցող պետություններին իր կազմ ընդունելը»,- նշել է դիվանագետը։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՕԳՆԵԼ Է ՔԱԲՈՒԼԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏԱՐՀԱՆՄԱՆԸ
Ուկրաինայի հետախուզության աշխատակիցները ցույց են տվել, թե ինչպես են իրենք օդանավակայանից դուրս եկել Քաբուլ՝ քաղաքացիներին տարհանելու հատուկ գործողություն իրականացնելու համար: Այս ռիսկային գործողությունների տեսագրությունը Ֆեյսբուքում հրապարակել է ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը: Տարհանման մյուս առաքելություններից ոչ մեկը չի համարձակվել նման ռիսկային որոշում կայացնել, քանի որ օդանավակայանի հարակից տարածքն արդեն գտնվում էր թալիբ գրոհայինների վերահսկողության տակ: Այնուամենայնիվ, հենց այս մոտեցումն էր, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր դարձրեց գտնել և վերցնել տարհանման համաձայնություն ստացած հնարավոր առավելագույն թվով մարդկանց»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԹԱԼԻԲՆԵՐԻ ԱՐՁԱԿԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ 17 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Առնվազն 17 մարդ մահացել, 41 մարդ վիրավորվել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբների կողմից օդ արձակված անկանոն կրակոցների հետևանքով: Աֆղանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թալիբները սկսել են անկանոն օդ կրակել Փանջշեր շրջանի մարտերի ընթացքում:
Թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը կոչ է արել զինյալներին դադարեցնել կրակոցները Քաբուլում, քանի որ դա կարող է վնասել տեղի բնակչությանը: