«Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցի առաջիկայում Կապանում սպասվող ավագանու արտահերթ ընտրություններին, «Լուրերին» հայտնեց իշխող խմբակցության մամուլի պատասխանատու Արթուր Հովհաննիսյանը:
Սյունիքի մարզկենտրոնում աշնանը սպասվող արտահերթը առաջին անգամ անցկացվելու է համամասնական ընտրակարգով: Այսինքն՝ համայնքի բնակիչները ընտրելու են քաղաքական ուժերի, որոնցից ընտրական շեմը հաղթահարածները ներկայացված կլինեն ավագանու կազմում, իսկ այդ կազմից մեծամասնության քվեն ստացած ուժը կընտրի համայնքի ղեկավար:
Արթուր Հովհաննիսյան (ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեդիա պատասխանատու) - Հունիսի 20-ից հետո պարզ է, որ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ որպես իշխող կուսակցություն, ներգրավված է լինելու Հայաստանի բոլոր ընտրական պրոցեսներում, կունենանք թեկնածուներ ոչ միայն Կապանում, այլև մյուս քաղաքներում ևս:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ՏԻՄ հերթական ընտրությունների համար նախատեսված օրերն են՝ հոկտեմբերի 17-ը, նոյեմբերի 14-ը և դեկտեմբերի 5-ը: Կապանը, սակայն, պատրաստվում է արտահերթ ընտրության: Ավագանու 15 անդամից 8-ի հրաժարականի պատճառով ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են:
Մամուլում արդեն անուններ են շրջանառվում, իշխող ուժի համայնքի ղեկավարի թեկնածուն, ըստ լրատվամիջոցների, պատգամավոր Դավիթ Դանիելյանն է: Արթուր Հովհաննիսյանը չհերքեց՝ նրա թեկնածությունը քննարկվում է, սակայն վերջնական որոշում չկա:
Արթուր Հովհաննիսյան - Թե ինչ վերջնակետի կգանք, պարզ կդառնա առաջիկայում, բայց, այո՛, պարոն Դանիելյանի թեկնածությունը քննարկվում է և ոչ միայն իր:
Գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը համարում է, որ ավագանուն հրաժարականի է դրդել իշխող ուժը՝ հետպատերազմյան փուլում իր հնչեցրած տեսակետների համար: Արթուր Հովհաննիսյանը մինչդեռ ընդգծում է՝ պատերազմից հետո հնչած տեսակետները, թե ժողովուրդը չի ընտրի այս իշխանությանը, հակառակը ցույց տվեցին:
Արթուր Հովհաննիսյան - Բոլոր այն մարդիկ, որոնք դերակատարում ունեն մեր կյանքում, հասկացան, որ ժողովուրդը այլ մեսիջ է ուղարկել քաղաքական գործիչներին, և նրանք պետք է հնազանդվեն: Եթե, օրինակ՝ Սյունիքում որևէ համայնքի ղեկավար տեսնում է, որ չունի ժողովրդի աջակցությունը, պետք է հրաժարական տա և հեռանա:
Իշխանությունը շարունակում է քաղաքական հաշվեհարդարը Սյունիքի համայնքապետների նկատմամբ, պնդում է «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը:
Հայկ Մամիջանյան (ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Սա հերթական էջն է քաղաքական հաշվեհարդարների և Սյունիքի սակավաթիվ համայնքապետներից մեկի նկատմամբ:
Անկուսակցական Գևորգ Փարսյանը հայտարարել է՝ սպասվող ընտրություններում կրկին առաջադրվելու է: Այս անգամ, սակայն, համամասնական ընտրակարգը նախատեսում է մասնակցություն քաղաքական ուժի կազմում:
Խորհրդարանական ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքներից հնարավո՞ր է աջակցեն Փարսյանին հարցի պատասխանը մեզ ստանալ չհաջողվեց: Այդ ուժերից «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը շեշտեց՝ ընտրության մասնակցության վերաբերյալ կխոսեն առաջիկայում, իսկ «Հայաստան» խմբակցությունից հրաժարվեցին հարցին անդրադառնալ: