Երեխայի լավագույն շահի առաջնահերթության սկզբունքով՝ հանրային քննարկման էր ներկայացվել «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Երեխայի կարծիքը պետք է հաշվի առնել ոչ թե այս կամ այն տարիքային սահմանաչափով, այլ միշտ՝ իր տարիքին ու հասունության մակարդակին համապատասխան, իրեն վերաբերող բոլոր հարցերում:
Անահիտ Հովհաննիսյան (ՀՀ ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ) - Ընտանեկան օրենսգրքի նախագիծը նաև մեկնաբանում է այդ հաշվի առնելու գործընթացը և նշվում է, որ կարծիք է հաշվի առնվում սոցիալական մանկավարժի, հոգեբանի կամ սոցիալական աշխատողի ներգրավվածությամբ:
Տարբեր ուսումնասիրություններ փաստել են, որ խնդիրներ են առկա խնամակալության և հոգաբարձության, որդեգրման և խնամատարության գործընթացներում: Նախագծով որոշակի իրավակարգավորումներ են առաջարկվել:
Անահիտ Հովհաննիսյան - Փոփոխություններ առաջարկվել են նաև ծնողական իրավունքների սահմանափակման և զրկման գործընթացներում, ինչպես նաև հստակեցվել է երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին վերաբերվող լիազորություններն ու պատասխանատվությունների շրջանակը:
Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող կազմակերպությունները ենթակա են լիցենզավորման:
Անահիտ Հովհաննիսյան - Թեև ՀՀ-ում գործող ոչ պետական, բարեգործական հաստատությունները, որոնք իրականացնում են երեխաների շուրջօրյա խնամք, համագործակցում են լիազոր մարմնի հետ, այնուամենայնիվ, որևէ իրավական կարգավորմամբ կապված չեն լիազոր մարմնի հետ:
Նախագծով առաջարկվում է լիազորող նորմ նաև երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և պետական մարմինների ցանկի հստակեցման համար:
Անահիտ Հովհաննիսյան - Կազմակերպություններ, որոնք թեև բարի նպատակներով զբաղվում են երեխաների շահերի պաշտպանությամբ, բայց, այնուամենայնիվ, կարող են որոշակի թերություններ թույլ տալ, և երեխաների տվյալների արտահոսք ունենանք: Այս իմաստով ևս ԱՍՀ նախարարի համապատասխան հրամանով նախատեսվում է հաստատել այդ կազմակերպությունների և մարմինների ցանկը:
Նախագիծն ունի նոր եզրույթ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ:
Անահիտ Հովհաննիսյան - Այս պահին մենք ունենք «կյանքի դժվարին իրավիճակ» սահմանումը, ունենք «առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ» եզրույթները, սակայն չունենք կարգավորում այն պարագաների համար, երբ երեխան մնացել է առանց ծնողական խնամքի, բայց չունի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի կարգավիճակ
Առաջարկվում է բոլոր համայնքներում ունենալ սոցիալական աշխատողի մեկական հաստիք, որին վերապահված կլինեն նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի քարտուղարի գործառույթները: Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները կընդգրկվեն երեխաների և կենսաբանական ընտանիքների վերամիավորման գործընթացում:
Անահիտ Հովհաննիսյան - Մենք ունենք ծնողական իրավունքի սահմանափակման գործընթաց, 6 ամիս անց, եթե ծնողական իրավունքները չեն վերականգնվում, ծնողները կարող են զրկվել իրենց ծնողական իրավունքից: Այս օրենսդրական փոփոխությունների արդյունքում կունենանք հնարավորություն՝ սահմանափակված իրավունքներով ծնողին աջակցող մարմին ունենալու՝ ի դեմս Միասնական սոցիալական ծառայության:
Նախագծի փաթեթն ամբողջական չի ներկայացնում բարեփոխումների լայն շրջանակը, որ իրականացվելու է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Դրանք բոլորին ավելի պարզ կդառնան Կառավարության որոշումների նախագծերի կազմման գործընթացից ու համապատասխան իրավակարգավորումներից հետո: