Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Մ․ Ռաուշենբերգերի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Ք․ Հենշելը, «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ծրագրի խորհրդատու Ա․ Բերբերյանը և ՇՄ նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը։
Ողջունելով գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարար Պետրոսյանը նախ շնորհավորել է տիկին Ռաուշենբերգերին նշանակման կապակցությամբ։ Նախարարը պատվիրակությանը փոխանցել է, որ ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս շրջակա միջավայրի նախարարության, չափազանց կարևորում է համագործակցությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ և տրամադրված է շարունակել այն՝ սահմանելով արդյունավետության ավելի բարձր նշաձող։
GIZ-ի հետ շրջակա միջավայրի նախարարությունը համագործակցում է 2007 թվականից` ստորագրվել է համագործակցության մասին Արձանագրություն, ինչի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի կենսաբազմազանության պահպանմանը, ինչպես նաև բնական ռեսուրսների կայուն կառավարման գործում։
Նախարարը մատնանշել է, որ համագործակցության համատեքստում նախարարությունը կարևորում է երկկողմ իրականացվող ընթացիկ ծրագրերը և նախանշվող ուղղությունները, որոնք այս պահին առկա են։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել EU4Sevan ծրագրին։
«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագիրը (բազմադոնորային գործողություն) համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն «ԵՄ-ը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող ECOServe ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 5.700.000 եվրո, որից 700.000 եվրոն ԳԴՀ ՏՀԶՆ-ի համաֆինանսավորումն է:
Ծրագիրը կհիմնվի առկա ձեռքբերումների և պլանների վրա և կլրացնի ու կօժանդակի Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությանն (վերջնարդյունք) ուղղված գործողություններին։ Դա իրականացվելու է հետևյալ 5 արդյունքներով՝
-
բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկումն ու կառավարման կարողությունները.
-
բարելավել էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունները.
-
բարելավել կեղտաջրերի մաքրման, ներառյալ բնության վրա հիմնված լուծումների իրականացման կարողությունները.
-
բարձրացնել Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունը ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում.
-
բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։
Արդյունք 1-4-ը իրականացվում է ԳՄՀԸ-ի, իսկ արդյունք 5-ը՝ ՄԱԶԾ-ի կողմից։ Քանի որ արդյունքներն իրար լրացնում են, ԳՄՀԸ-ն և ՄԱԶԾ-ն համատեղ կհամակարգեն պլանավորման և իրականացման գործողությունները:
Քննարկվել է կլիմայական օրակարգը, որին աշխարհի առաջադեմ երկրները, այդ թվում նաև՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, շատ մեծ ուշադրություն են դարձնում։ Նախարարը գործընկերներին ևս մեկ անգամ հայտնել է, որ ՀՀ Կառավարությունը նույնպես կարևորում է այդ ուղղությամբ ջանքերի ներդրումը, և որ Հայաստանը մասն է համաշխարհային կլիմայական օրակարգի։
Լոռվա և Շիրակի մարզերում իրականացվում է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (ՏՀԶՆ, BMZ) կողմից ֆինանսավորվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ECOserve) տարածաշրջանային ծրագիրը, որի նպատակն է բնական ռեսուրսների կայուն կառավարման մոտեցումների կիրառմամբ ապահովել դրանց ողջամիտ և արդյունավետ օգտագործումը՝ դրանով իսկ նպաստելով կենսաբազմազանության պահպանությանը և կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը։
Կողմերը քննարկել են նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում» Covid 19-ի արձագանքման ծրագիրը, որն աջակցում է Կառավարության 15-րդ միջոցառմանը և դրա շարունակականությանը Գեղարքունիքի մարզում: Ծրագիրը նպաստում է Հայաստանում «կանաչ» վերականգնմանը (Green Recovery) և իրականացվում է Հայաստանում էկոհամակարգերի վերականգնմանն ուղղված 10 միլիոն ծառ նախագծի շրջանակներում: Ծրագիրը նաև աջակցում է ՀՀ Կառավարության՝ Սևանա լճի պահպանության բարելավման նախաձեռնությանը, որին օժանդակում է Հայաստանում Եվրամիության կողմից ֆինանսավորվող EU4Sevan նախագիծը։
Գարնան ամիսներին ծրագրի շրջանակներում Սևանա լիճ թափվող 4 գետերի (Մասրիկ, Արգիճի, Գավառագետ, Կարճաղբյուր) ափամերձ տարածքներում տնկվել է 520000 ուռենու կտրոն: Տնկման աշխատանքներին մասնակցել է հարակից համայնքների 249 բնակիչ:
Ապրիլ, մայիս և հունիս ամիսներին Գեղարքունիքի մարզի 10 համայնքի (Ծակքար, Լիճք, Արծվանիստ, Լուսակունք, Խաչաղբյուր, Կարճաղբյուր, Մարտունի, Ներքին Գետաշեն, Գեղհովիտ և Վարդենիկ) 253 բնակիչ մասնակցել է նշված համայնքների վարչական տարածքներով հոսող և Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին, ինչի արդյունքում հավաքվել է 229,364 կգ աղբ և 283 կգ վերամշակման ենթակա թափոն, որոնք տեղափոխվել են համապատասխան վերամշակման գործարաններ:
Մաքրման և տնկման աշխատանքներին մասնակցել է Գեղարքունիքի մարզի մոտ 20 համայնքի 502 բնակիչ:
Տիկին Ռաուշենբերգերը հետաքրքրվել է ջրային ոլորտի կառավարման և համակարգման ուղղությամբ շրջակա միջավայրի նախարարության քաղաքականությամբ։
Նախարար Պետրոսյանը ներկայացրել է այդ համատեքստում իրականացված և նախանշված օրենսդրական բարեփոխումները և համալիր միջոցառումները։ Նա նաև նշել է, որ հաշվի է առնվում, որ աշխատանքների իրականացման ընթացքում ՀՀ Կառավարության կողմից ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության իրականացրած աշխատանքները չխաչվեն, այլ ընթանան զուգահեռ՝ ի նպաստ շրջակա միջավայրի կայուն կառավարման և զարգացման։
Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը միջպետական և միջգերատեսչական մակարդակում մշտապես բաց է ցանկացած քննարկման և համագործակցության համար, ինչը կարող է ավելի լավը դարձնել շրջակա միջավայրը։
Հանդիպման ավարտին նախարար Ռոմանոս Պետրոսյանը տիկին Ռաուշենբերգերին է նվիրել «Կովկասյան ընձառյուծի» արծաթե հուշադրամ։