ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում մշտական ներկայացուցիչ է նշանակվել իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինան։ Այս պաշտոնում Կոլոմինան փոխարինում է 2010 թվականին նշանակված Ջեյմս Ափաթյուրային։ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցչի պաշտոնը Կոլոմինան համատեղելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի օգնականի տեղակալի աշխատանքի հետ։ Կոլոմինան 20-ամյա դիվանագիտական փորձ ունի, աշխատել է Սիրիայում, Ճապոնիայում և ԱՄՆ-ում գտնվող Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչություններում։
*****
Աշխարհում կարգուկանոնի համար պետք է պատասխան տա ՄԱԿ-ը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «ՄԱԿ-ը և նրա Անվտանգության խորհուրդը, ի դեմս իր հինգ մշտական անդամների, պետք է պատասխանատու լինեն աշխարհում կարգուկանոնի համար»,- նշել է նա՝ Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե ով է լինելու աշխարհում կարգուկանոնի պատասխանատուն, եթե ԱՄՆ-ն հրաժարվի «համաշխարհային ոստիկանի» գործառույթից:
*****
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Գերմանիայից իր պաշտոնակից Անգելա Մերկելի հետ քննարկել է Եվրամիության համատեղ գործողություններն Աֆղանստանի նկատմամբ: Նա հայտարարել է հանրապետությունում միգրացիոն խնդրի լուծման նկատմամբ ընդհանուր մոտեցում մշակելու անհրաժեշտության մասին: Կուրցը պատմել է, որ այդ նպատակների համար Ավստրիան հատկացրել է 18 միլիոն եվրո: Կանցլերն ակնկալում է Աֆղանստանի հետ հարևան երկրների օգնությունը՝ ընդգծելով, որ Եվրոպան դրա հետ մեկտեղ պետք է պաշտպանի իր սահմաններն ապօրինի միգրացիայից: Մերկելն, իր հերթին, նշել է, որ Գերմանիան բանակցություններ է վարում եվրոպական գործընկերների հետ՝ Քաբուլի հետ կանոնավոր շփումներ հաստատելու նպատակով:
*****
Պաշտոնական Բեռլինը չի բացառում, որ Քաբուլում գործող Գերմանիայի դեսպանությունը որոշ ժամանակ անց կարող է վերսկսել աշխատանքը։ Հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը՝ Սլովենիայում ընթացող ԵՄ գագաթնաժողովի ընթացքում: «Դուր է գալիս մեզ դա, թե ոչ, Աֆղանստանում այլևս նոր իրականություն է ձևավորվել։ Դրա հետ մեկտեղ՝ մենք պետք է շարունակենք օգնել Աֆղանստանի ժողովրդին, ինչի համար շարունակական դիվանագիտական ներկայություն է պահանջվում։ Մեզ համար, սակայն, կարևոր է, որ թալիբները մի շարք պայմաններ կատարեն»,- հայտարարել է նա` ընդգծելով, որ խոսքը տարբեր խմբերի ներկայացուցիչներին ներառող կառավարության ձևավորման, մարդու հիմնարար իրավունքները, մասնավորաբար՝ կանանց իրավունքները հարգելու մասին է։
*****
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը Չինաստանը դիտարկում է որպես իր հիմնական միջազգային գործընկեր: Ասել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում: «Չինաստանը մեր հիմնական գործընկերն է, այն մեզ համար ներկայացնում է հիմնարար և բացառիկ հնարավորություն, քանի որ պատրաստ է ներդրումներ կատարել մեր երկրում և վերակառուցել այն»,- ասել է նա: Մոջահիդը բարձր է գնահատել Պեկինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը՝ նշելով, որ այն «կծառայի հին Մետաքսի ճանապարհի վերածննդին»: Նա նաև հույս է հայտնել, որ Չինաստանը կօգնի Աֆղանստանում լեռնարդյունաբերության վերականգնմանը: