Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ավագանու համամասնական ընտրությամբ որոշվելու է, թե ով է լինելու հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետը։ Առաջադրումները մեկնարկել են սեպտեմբերի 2-ին և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 12-ը, որից հետո՝ գրանցում, նախընտրական քարոզարշավ։
Մինչև նախընտրական փուլը նաև վերապատրաստումներն են․ ընտրատարածքային հանձնաժողովի անդամների և նաև ընտրատեղամասերի անդամները լիցենզիա ձեռք բերելու համար կվերապատրաստվեն։
Այս տարի Գյումրին ընդգրկող 82 ընտրատեղամասի աշխատանքը կհամակարգի 31-րդ հանձնաժողովը։ Հանձնաժողովի նախագահը խոստանում է` կանեն առավելագույնը Գյումրիում ազատ, արդար ընտրության կազմակերպման համար։ Ոչ մի կաշկանդվածություն չկա․ խիստ կմոտենան վարչական ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքի և այլ ընտրախախտումների վերաբերյալ ցանկացած ահազանգի։
Առաջադրումների առաջին օրը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ցուցակ չի ստացել, որևէ քաղաքական ուժ դեռ պաշտոնապես չի հայտարարել ընտրությանը մասնակցել-չմասնակցելու մտադրության մասին։ Հիշեցնենք, նախորդ ընտրություններին 10 քաղաքական ուժ էր մասնակցում Գյումրու ՏԻՄ ընտրություններին։
Քվեարկությանն այս անգամ ևս, ինչպես Ազգային ժողովի արտահերթ ընտրության ժամանակ էր, գրիչ չի օգտագործվի, քաղաքացիները քվեատուփ կգցեն իրենց նախընտրած ուժի քվեաթերթիկը։